Երևանի սուպերմարկետներում ձվի վաճառքի բաժիններում վերջին օրերին ակտիվ շարժ է նկատվում: Խանութների աշխատակիցներն օրվա մի զգալի մասն անցկացնում են ձվի նոր խմբաքանակները տաղավարներում տեսակավորելու վրա: Armtiems.com-ի թղթակցի այսօր իրականացրած դիտարկման ժամանակ փոքր կենտրոնի առնվազն երեք սուպերմարկետում նույն իրավիճակն է արձանագրել: Բացի շարժից, կա նաև գների էական փոփոխություն: Եթե մոտ մեկ շաբաթ առաջ ձվի մեկ հատի միջին գինը տատանվում էր 60-ից 70 դրամի սահմաններում, ապա այժմ այն տատանվում է 70-ից 90 դրամի սահմաններում:
Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ վերջին մեկ ամսում ձվի ներկրման մեկ խմբաքանակի համար է տրվել թույլտվություն: Խմբաքանակը ներմուծվել է Ռուսաստանի Դաշնությունից: Սա վկայում է նաև այն մասին, որ Հայաստանի թռչնաբուծական ֆաբրիկաների արտադրած ձուն չի բավարարում ներքին սպառման շուկայի համար:
Ի դեպ, ՍԱՊԾ-ն սկսել է չտրամադրել ներմուծվող սննդամթերքի ծավալի մասին տեղեկատվություն՝ առաջարկելով այն ստանալ ՊԵԿ-ից, իսկ պետեկամուտների կոմիտեն տեղեկատվություն տրամադրում է գրավոր ձևով, որը ենթադրում է առնվազն 5 օր անց տրամադրվող պատասխան: