Պատմաբան Ռուբեն Շուխյանը իր Facebook-յան էջը պարբերաբար համալրում է հետաքրքիր պատմական փաստերով:
«Երևանի «Զանգա» գարեջրի գործարանի 1910-ականների սկզբի պիտակը… Ներկայացնենք մի հազվագյուտ նմուշ՝ 20-րդ դարասկզբին Երևանի «Զանգա» գարեջրի գործարանում արտադրված «Բոք-Բիր» տեսակի գարեջրի պիտակը: Գործարանը տեղակայված է եղել Հրազդան (Զանգու) գետի ձորում, մոտավորապես ներկայիս Հաղթանակի կամրջի մոտակայքում: Գործարանի սեփականատերն էր հանդիսանում Հարություն Ավետյանցը: Նա ժառանգել էր այստեղ տեղակայված բամբակի գործարանը իր հորից՝ Խաչատուր Ավետյանցից, ընդլայնել այն և գործարկել սկզբում բրնձի մշակումը, իսկ 1892 թվականից սկսած՝ գարեջրի պատրաստման և շշալցման արտադրությունը:
Հայտնի է, որ բարձրորակ գարեջուր եփելու համար Հարություն Ավետյանցը անհրաժեշտ հումքը՝ գարին բերում էր Կարսի մարզից, իսկ գայլուկը ներկրում էր Լեհաստանից, գումարած դրան օգտագործում էր հանրահայտ երևանյան Կրբուլաղ աղբյուրի քաղցրահամ ջուրը: Ժամանակիցների վկայությամբ՝ «Զանգա» գործարանի գարեջուրը հիանալի համային հատնիշներ է ունեցել: Գործարանի արտադրանքը ոչ միայն լավագույնն էր համարվում Հարավային Կովկասում, այլ նաև պահանջարկ ուներ Ռուսական կայսրության քաղաքներում և անգամ՝ Եվրոպայում, որտեղ Երևանի գարեջուրը 1910-ին՝ Հռոմի և Նեապոլի ցուցահանդեսներում արժանացավ բարձրագույն պարգևների»: