4 խաղ անընդմեջ հաղթելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հսկայական քայլ է արել դեպի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ: Կկարողանա՞ն մանկունյանցիները լուծել իրենց բոլոր հարցերն այսօր:
«Բազել»
Շվեյցարական թիմն այնքան էլ նպաստավոր վիճակում չէ: Փյել-օֆֆ դուրս գալու համար թիմը պետք է ջանա գոնե չպարտվել մանչեսթերյան ակումբին և հաղթանակ տանել խմբի վերջին խաղում: Այս թիմի համար ամեն ինչ դեռ հարցականի տակ է:
Սակայն, մանչեսթերցիներից հետո խմբում ամենալավ շանսերն ունեն հենց շվեյցարացիները:
«Մանչեսթեր Յունայթեդ»
Անգլիացիները հաղթել են բոլոր 4 խաղերում և, կարելի է ասել, արդեն իսկ ապահովել են իրենց տեղը փլեյ-օֆֆում: Հաշվի առնելով Մոուրինիոյի ֆուտբոլային բնավորությունը՝ կարող ենք ենթադրել, որ մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստները շատ մեծ ջանքեր չեն ներդնելու այս խաղում:
Առհասարակ, Մոուրինիոյի գործերն այս մրցաշրջանում լավ են՝ չհաշված թիմի ներկայացրած ձանձրալի ֆուտբոլը:
Հաջորդ փուլում հայտնվելու համար մանկունյանցիներին 2 խաղում պետք է վաստակել 1 միավոր:
Կանխատեսում
Այս խմբում շատ բան է կախված խմբի մյուս խաղից, որտեղ հանդիպելու են ԲԿՄԱ-ն և «Բենֆիկան»:
Շվեյցարական թիմը կարող է խաղալ հայտնի տիկի-տակայով և հույսը դնել նրա վրա, որ մանչեսթերցիներն ամբողջ ուժերով չեն նետվելու գրոհների:
Իսկ Մոուրինիոյի թիմից ոչ ոք հաղթանակ չի պահանջում, այնպես որ, մանչեսթերցիները կարող են հանգիստ համաձայնել ոչ-ոքի արդյունքին: Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ ապաքինվել են մանչեսթերցիների գոլահար ֆուտբոլիստները, ովքեր կցանկանան նշել իրենց վերադարձը նաև Եվրոպայում:
Հենրիխ Մխիթարյան
Խոսելով մանչեսթերյան ակումբի խաղի մասին՝ չենք կարող մոռանալ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Մխիթարյանը, իրականում, բարդ դրության մեջ է, քանի որ հրաշալի մեկնարկից հետո ցույց չի տալիս իրեն բնորոշ ֆուտբոլ: ԱՊԼ-ի նախորդ խաղում Մխիթարյանն անգամ հայտավորված չէր:
Մոուրինիոն, պատասխանելով Մխիթարյանի մասին հարցին, նշել է, որ Հենրիխը բացակայում էր, քանի որ իրենք ունեին շատ այլ տարբերակներ: Ըստ մարզչի՝ Մխիթարյանի բացակայությունը կախված էր միայն տակտիկական խնդիրներից:
Ամեն դեպքում, եթե Մխիթարյանը խաղա այսօր, ապա պետք է անի ամեն ինչ՝ իր լավագույն որակները ցուցադրելու համար: Դժգույն խաղն այսօր միայն կվնասի հայ ֆուտբոլիստին;
Կխաղա՞ Մխիթարյանը, թե՞ ոչ, կիմանանք միայն երեկոյան, երբ պարզ կլինեն թիմերի կազմերը, սակայն պետք է նշել, որ անգլիական պարբերականները Հենրիխին չեն տեսնում առնվազն մեկնարկային կազմում:
Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին:
Սիրարփի Աղաբաբյան