University of Guelph-ի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել այն սպիտակուցը, որն ուռուցքների տարածմանը նպաստում է չարորակ բջիջները միմյանց կապելու հաշվին, ինչը դրանց թույլ է տալիս հյուսվածքների մեջ ավելի խորը թափանցել: Այս հայտնագործությունը կարող է օգտագործվել քաղցկեղի բուժման նոր մեթոդների մշակման մեջ:
Արդյունավետությամբ եզակի այս հետազոտությամբ, որը հրապարակվել է Oncogene ամսագրում, հայտնաբերվել է կադգերին-22 սպիտակուցը, որը քաղցկեղի մետաստազների կամ հիվանդության տարածման հավանականության պոտենցիալ գործոն է, ինչն առավել հաճախ հիվանդի մահվանն է հանգեցնում: Այս սպիտակուցի ազդեցությամբ օրգանիզմում կրծքագեղձի կամ ուղեղի ուռուցքների տարածման աստիճանը 90 տոկոսով մեծանում է:
Կադգերին-22-ի առկայությունը ստուգող անալիզը կարող է ախտորոշման հզոր գործիք դառնալ, որը կկանխատեսի քաղցկեղի մետաստազների զարգացումը և դրանով կճշտի հիվանդի կանխորոշումը, ընդգծում են հետազոտողները:
Բացառված չէ, որ ապագայում հնարավոր կլինի այս սպիտակուցի վրա ներգործող դեղեր ստեղծել, որոնք կմեծացնեն բուժման արդյունավետությունը և կանխորոշումն ավելի բարենպաստ կդարձնեն: Ընդհանուր առմամբ, փորձագետները այս հետազոտության արդյունքները անչափ խոստումնալից են գնահատում չարորակ ուռուցքների դեմ պայքարի նոր մեթոդների զարգացման գործում:
Փորձերի ընթացքում գիտնականները ուռուցքների վիճակին հետևել են հիպոքսիայի, այսինքն՝ թթվածնի ցածր պարունակության փուլում: Պարզվել է, որ հենց թթվածնի պակասի պայմաններում է քաղցկեղային ուռուցքներում ակտիվանում կադգերին-22-ի արտադրումը, որը և իրար է կապում ուռուցքային բջիջները՝ մեծացնելով դրանց շարժունակությունը և մետաստազներ առաջացնելու ունակությունը: Կադգերին-22-ը գտնվում է բջիջների մակերևույթին:
med.news.am