ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 21-ին անցկացրել է Գոհաբանության նախօրյակին հնդկահավերին ներում շնորհելու ավանդական արարողությունը:
Արարողությանը, որը հեռարձակում էր Սպիտակ տան կայքը, նաև ներկա էին Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը և նրանց որդին՝ Բերոնը:
Թրամփը, որն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնել է 2017 թվականի հունվարի 20-ին, առաջին անգամ է հնդկահավերի ներման արարողություն անցկացրել:
ԱՄՆ-ում Գոհաբանության օրը նշվում է նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը, այս տարի տոնակատարությունը զուգադիպում է նոյեմբերի 23-ին:
Գոհաբանության օրը հնդկահավերի մեծարման ավանդույթի սկիզբը դրվել է 1947 թվականին, երբ Հնդկահավի ազգային ֆեդերացիան և Թռչնաբույծների ազգային խորհուրդն առաջին անգամ այդ թռչունը նվիրեցին ԱՄՆ-ի նախագահ Հարի Թրումենին:
1963 թվականին նախագահ Ջոն Քենեդին, ստանալով ավանդական նվերը, առաջարկել է ողջ թողնել թռչնին:
Բայց հնդկահավին ներում շնորհելու առաջին պաշտոնական արարողությունը կատարել է Ջորջ Բուշ Ավագը 1989 թվականին: