«Էրեբունի» ԲԿ-ն սրտի 3D քարտեզավորման CARTO 3 համակարգ է ներդնում. med.news.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Էրեբունի» ԲԿ-ն սրտի 3D քարտեզավորման CARTO 3 համակարգ է ներդնում. med.news.am

Էրեբունի բժշկական կենտրոնը ներդնում է սրտի 3D քարտեզավորման CARTO 3 նորագույն համակարգը (3D mapping system CARTO 3), որի օգնությամբ հնարավոր կլինի բարձր ճշգրտությամբ ախտորոշում և սրտի ռիթմի խանգարման որոշ տեսակների կատեթերային աբլյացիայի միջոցով բուժում անցկացնել:

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան, «Էրեբունի» ԲԿ սրտաբանական ծառայության ղեկավար Համլետ Հայրապետյանը, այս համակարգը էականորեն կընդլայնի բժշկական կենտրոնի առիթմոլոգիական ծառայությունների հնարավորություններն ու ցանկը: Հնարավոր կլինի այնպիսի վիրահատություններ կատարել, որոնք նախկինում չէին կատարվում ոչ Էրեբունի ԲԿ-ում, ոչ էլ Հայաստանի բժշկական որևէ այլ կենտրոնում:

Ինչպես իր հերթին նշեց «Էրեբունի» ԲԿ առիթմոլոգիական ծառայության ղեկավար Միհրան Մարտիրոսյանը, սրտի ռիթմի խանգարումները ոչ միայն վատացնում են պացիենտների կյանքի որակը, այլ որոշ դեպքերում կարող են սպառնալ նրանց կյանքին:

Հայաստանում և աշխարհում առիթմիայի ավելի շատ տարածված տարատեսակը՝ նախասրտի ֆիբրիլյացիան է: Հենց նա է «պատասխանատու»  հաշվառվող իշեմիկ ինսուլտների շուրջ 30 տոկոսի համար: Նախասրտի ֆիբրիլյացիայով տառապում է բնակչության մոտ 3 տոկոսը և 55-ից բարձր մարդկանց մոտ 6 տոկոսը:

Բժշկությունը սրտի ռիթմի խանգարումների բուժման մի քանի միջոց է առաջարկում. դեղամիջոցներով բուժումը մեծ մասամբ բավարար արդյունավետ չէ և ունի բազմաթիվ կողմնակի ազդեցություններ, այդ պատճառով բժշկի ընտրությունը բավականին հազվադեպ է կանգ առնում դրա վրա: Նախկինում կատարվել են նաև բաց վիրահատություններ, որոնց ընթացքում վիրաբույժները ոչնչացրել են առիթմիայի օջախները, սակայն այդպիսի վիրահատությունները բարդ են և լի են մեծ ռիսկերով, իսկ դրանից հետո ապաքինումը երկարատև է, այդ պատճառով ժամանակակից բժշկությունը սկսել է հրաժարվել դրանից:

Ինչպես նշել է մասնագետը, կատեթերային աբլյացիան այսօրվա դրությամբ առիթմիայի բուժման ամենաարդյունավետ և անվտանգ միջոցն է: Միջամտության ընթացքում ազդրի արյունատար անոթներից մեկով մտցվում է հատուկ կաթետեր, որի օգնությամբ մասնագետը գտնում է առիթմիայի համար «պատասխանատու» բջիջները և այրում դրանք:

Նախկինում այս միջամտության ընթացքում մասնագետներն ստիպված էին բավարարվել երկչափ պատկերներով, որոնք ստացվում էին ռենտգենի միջոցով, սակայն շնորհիվ  CARTO 3 -ի այժմ նրանց հասանելի է եռաչափ պատկերը. դրա շնորհիվ նրանք կարող են աբլյացիայի միջամտությունը կատարել հնարավորինս արդյունավետ ու անվտանգ: Ավելին, այդպիսի միջամտության ժամանակ պացիենտը ավելի քիչ ռենտգեն ճառագայթում է ստանում, քան ավելի հին սարքավորման կիրառման դեպքում:

Հաջորդ ամսից «Էրեբունի» ԲԿ-ն կսկսի կաթետերային աբլյացիայի կարիք ունեցող սրտի ռիթմի խանգարումներով պացիենտների գրանցումը: Նոր համակարգի կիրառմամբ միջամտությունները կսկսեն կատարել արդեն մոտ ապագայում:

med.news.am