Ֆրանսիայի Բորդո քաղաքի La Cite du Vin գինու թանգարանը և Հայաստանի խաղողագործների և գինեգործների հիմնադրամը հուշագիր կստորագրեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի խաղողագործների և գինեգործների հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։
«Համագործակցության շրջանակում մենք կներկայացնենք մոտ 2000 շիշ՝ գինու տարբեր տեսակներով։ Ապրիլ և մայիս ամիսներին Բորդո քաղաքում կանցկացվեն Հայաստանի գինու օրեր, որտեղ կներկայացվեն հայկական գինեգործության պատմությունը, տեխնոլոգիաները։ Հնարավորություն կընձեռվի աշխարհի բոլոր գինեսերներին և այցելուներին համտեսել նաև մեր գինին»,- նշեց Մուրադյանը։
Նրա խոսքով, քանի որ La Cite du Vin-ն աշխարհում ամենամեծ գինու թանգարանն է և ունի 500 հազար և ավելի այցելու, հայկական գինիներն այնտեղ ներկայացնելու շատ լավ հնարավորություն է ստեղծվում։ Զարուհի Մուրադյանը շեշտեց, որ դրանով առաջ կմղվի հայկական գինիների ճանաչելիությունը արտերկրում։
«Հայաստանում իրականացնում ենք ծրագրեր գինու տուրիզմի ուղղությամբ՝ համագործակցելով գինու ակադեմիայի հետ։ Ուսանողների հետ մենք միջոցառումներ ենք իրականացնում՝ ներկայացնելով գինու պատմությունը, այն խմելու մշակույթը և դրանով խթանում գինու տուրիզմը։ Իրականացվում են տարբեր այցեր օտարերկրյա ուսանողների համար, համագործակցում ենք տարբեր համալսարանների հետ։ Շուտով այդ նպատակով Հայաստան են գալու Վրաստանի ուսանողները։ Սրանով հարթակ է ստեղծվում համագործակցության և մեր պատմությունը տարածելու համար»,- ասաց Հայաստանի խաղողագործների և գինեգործների հիմնադրամի տնօրենը։