Հայաստանում մարդիկ շատ են տանջվում, որ կարողանան հացի գումար հայթայթել. Արամ Ավագյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Հայաստանում մարդիկ շատ են տանջվում, որ կարողանան հացի գումար հայթայթել. Արամ Ավագյան. life.panorama.am

Ընդամենը օրեր անց՝ նոյեմբերի 26-ին, Կ. Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում կկայանա Արամ Ավագյանի հեղինակային երեկոն, որը կոչվում է նրա ամենահայտնի երգի անվանումով՝ «Իմ լուսին»:

Life.panorama.am-ը զրուցել է Արամ Ավագյանի հետ և ծանոթացել ոչ միայն համերգային ծրագրին, այլև խոսել ԱՄՆ-ում կյանքի և մշտական բնակությամբ Հայաստան վերադառնալու պլանների մասին: 14 տարի առաջ հայ աստղերի սիրելի երգահան Արամ Ավագյանը մեկնեց ԱՄՆ և մշտական բնակություն հաստատեց այնտեղ: Վերջին անգամ Արամը Հայաստանում եղել էր յոթ տարի առաջ, հետևաբար այս համերգը ավելի քան սպասված է նրա համար: Մեզ հետ զրույցում Արամը նշեց, որ իր հեղինակային երեկոյի կազմակերպչական հարցերով անձամբ չի զբաղվել:

«Ընկերներս, ովքեր համերգի կազմակերպիչներ են, նախաձեռնեցին ինձ համար այս կարևոր երեկոն. Ի դեպ՝ շնորհակալ եմ նրանց փայլուն աշխատանքի համար: Երբ առաջարկը ստացա, մեծ սիրով համաձայնեցի, քանի որ 14 տարի բեմ չէի բարձրացել, բացի այդ, անասելի կարոտել էի հայաստանյան հանդիսատեսին: Այդ օրը շուրջ 25 երգ կհնչի, կլինեն կատարողներ, որոնք ևս երկար ժամանակ է չեն ներկայացել: Այնպես որ, սպասված ու անակնկալներով լի երեկո է լինելու»,- պատմեց երգահանը:

«Իմ լուսին» խորագիրը կրող համերգի ընթացքում կներկայանան հին և նոր սերնդի ներկայացուցիչներ:

«Այդ օրը կհնչեն ոչ միայն սիրված ու ճանաչված երգեր, այլև պրեմիերաներ: Այսինքն՝ ծրագրում կլինեն հին ու նոր երգեր, հետևաբար նաև հին և նոր սերունդ:   Մենք միասին կլինենք մի բեմում, ինչն արդեն շատ ոգևորիչ է: Ի դեպ՝ կլինեն նաև զուգերգեր, որոնց մասին չեմ խոսի՝ թողնելով անակնկալ»,- նշեց նա:

Արամը շեշտեց՝ պատասխանատվությունն ու հուզմունքը մեծ է, ի վերջո՝ 14 տարի բեմ չի բարձրացել:

«Հիմա շատ հուզված եմ: Երկար տարիներ անց կրկին բուռն աշխատանքային կյանքով եմ ապրում: Բեմն ինքնին ինձ համար մեծ հուզմունքի պատճառ է, քանի որ ,ճիշտ է, այս տարիների ընթացքում ստեղծագործել եմ, բայց բեմ չեմ բարձրացել»,- նկատեց նա:

Հայտնի «Իմ լուսին» երգը հենց Արամը կկատարի.

«Կարծում եմ՝ իմ կողմից սխալ կլներ, եթե ես չկատարեի «Իմ լուսինը», սակայն դա միակ երգը չի լինի իմ կատարմամբ. Ես ու մեծ աղջիկս միասին դուետով կներկայանանք»,- պատմեց երգահանը:

Խոսելով ամերիկյան կյանքից՝ մեր զրուցակիցը նշեց.

«Այս տարիների ընթացքում անդադար աշխատել եմ, ստեղծագործել, շատ հայտնի ու նոր երգեր իմ հեղինակային գործերն են, որոնց անունները չեմ ցանկանա տալ: ԱՄՆ-ում զբաղվում եմ նաև իմ հիմնած փոքր երաժշտական դպրոցով, ունեմ բազմաթիվ աշակերտներ: Նաև ընկերներիս հետ նոր խումբ ենք հինել, որը կոչվում է «Գիտրի»: Միասին արդեն նոր տեսահոլովակ ունենք, որի ռեժիսորը Արեն Բայադյանն է: Մեր խմբի պրոդյուսերները ես և ընկերս ենք՝ Արմեն Մխիթարյանը: Մեզ միացավ նաև հայտնի դիզայներ Xtina Milani-ին, ով զբաղվում է աղջիկների իմիջով: Մի խոսքով՝ բավականին ակտիվ աշխատանքային պրոցեսում ենք»:

Խոսելով Հայաստանում իր նկատած փոփոխությունների մասին՝ Արամ Ավագյանը նշեց թե դրական, թե բացասական կողմերը:

«Հիմա վայելում եմ Հայաստնս, քանի որ որտեղ էլ ապրես, միևնույն է, քո հայրենիքը ամենալավն է:  Շատ ուրախ եմ, որ բազմաթիվ այլազգի տուրիստներ եմ տեսնում, հյուրանոցները ևս բավականին շատ են, ինչը կրկին ոգևորող փաստ է: Կարծում եմ՝ Երևանը հրաշալի քաղաք է զբոսաշրջիկների համար, բայց տեղացիների համար կյանքն այնքան էլ հեշտ չէ: Նկատում եմ, որ այստեղ մարդիկ շատ-շատ են աշխատում, տանջվում, որ կարողանան հացի գումար հայթայթել: Հույսով եմ, որ հենց տուրիզմն էլ առիթ կհանդիսանա, որ ավելի շատ աշխատատեղեր ստեղծվեն»,- հավելեց նա:

Արամը վստահեցրեց՝ իր երեխաները ԱՄՆ-ում հայկական դպրոց են հաճախում, շատ սիրում են Հայաստանը, անգամ հայրիկին ստիպում են ավելի հաճախ իրենց տանել Հայաստան: Սակայն Արամ Ավագյանը դեռևս իր և երեխաների ապագան այստեղ չի տեսնում:

«Բնականաբար, ինչպես երևի բոլոր հայերը, ես էլ շատ կցանկանայի գալ ու մշտապես այստեղ ապրել, սակայն Հայաստանի սոցիալական վիճակն ինձ դեռ չի բավարարում, որպեսզի այդ որոշումը կայացնեմ: Չէ որ ես արդեն մենակ չեմ, ունեմ ընտանիք, երեխաներս էլ արդեն սովոր են այնտեղի նիստուկացին:  Հույս ունեմ, որ մի օր բոլորս էլ կվերադառնանք»,- ավարտեց նա:

Արամ Ավագյանն արդեն 1.5 ամիս է՝ Հայաստանում է, համերգից օրեր անց՝ նոյեմբերի 30-ին, նա ընտանիքի հետ միասին կրկին կվերադառնա ԱՄՆ:

life.panorama.am