Միշել Մոսեսյան. auroraprize.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Միշել Մոսեսյան. auroraprize.com

Ստեղծել այնպիսի տարածքներ, որտեղ մարդն իրեն կզգա ինչպես ձուկը ջրում. ահա ճարտարապետի հիմնական մարտահրավերը՝ ըստ Միշել Մոսեսյանի: Ծնված լինելով հայկական ընտանիքում, որի փոթորկալից անցյալի հետևանքով սերունդներ են սփռվել մի քանի մայրցամաքով մեկ, նա ժառանգական հարմարվողականությամբ՝ ընտելանում ու նախագծեր է իրականացնում ցանկացած միջավայրում:

5 տարեկանում Միշելը հաղթեց իր առաջին ճարտարապետական մրցույթը, 6 տարեկանում՝ երկրորդը: Հարավային Ֆրանսիայի Ռոսելյո ծովափին ամենամյա ընտանեկան արձակուրդի ժամանակ Միշելը 2 տարի անընդմեջ հաղթող ճանաչվեց ավազե ամրոցների մրցույթում: Երիտասարդ շինարարի նկարը տպագրվեց «Լե Ֆիգարոյում»՝ ողջ ընտանիքին հպարտություն պարգևելով: Երբ պարզ դարձավ, թե որքան է տղան տարված շինհրապարակներով, հայրը մրցույթներին նախորդող շաբաթների ընթացքում հավուր պատշաճի մարզում էր իրեն. երկուսի համար էլ խիստ արդյունավետ ու հաճելի ժամանակներ էին:

mo1

«Էքսոն Մոբիլի» տեխնոլոգիական կենտրոնը Շանհայում:

Հետադարձ հայացքով կարող է թվալ, թե Միշելը դատապարտված էր ճարտարապետական հաջողությունների: Բայց նա ուներ նաև այլ հետաքրքրություններ, օրինակ՝ կինոն, Փարիզի պես քաղաքի կողմից առաջարկված բազում նվերներից մեկը: «Չորեքշաբթի օրերին դաս չկար, և մենք միշտ գնում էինք ֆիլմ դիտելու: Ժամը 10-ին ֆիլմ էինք դիտում Ելիսեյան դաշտերի Սրահում, ժամը 2-ին՝ Լատինական թաղամասի «Օթֆեյ», վերջում՝ Լյուքսեմբուրգի «Լես 3» կինոթատրոններում: Հիմնականում դիտում էինք սև-սպիտակ ֆիլմեր, սակայն պատահում էին և նորերը, օրինակ՝ Վիմ Վենդերսի հեղինակած»:

Միշելը շատ պրպտող ռեժիսոր էր և բազում ֆիլմեր է նկարահանել իր «Սուպեր 8» տեսախցիկով: Նա դիմեց կինոյի դպրոց և մասնակցեց Ֆուկոյի, Սերրի, Դելյոզի և Դերիդայի փիլիսոփայության դասախոսություններին: Պակաս կարևոր չէին ICRAM-ի՝ ավանգարդ երաժշտական լաբորատորիայի սեմինարները, որտեղ ոչ միայն համահիմնադիր Պիեռ Բուլեզն էր ուսանողների հետ կիսում իր փորձը, այլև այնպիսի երգահաններ, ինչպիսիք են Շտոքհաուզենը, Քեյջը և Նոնոն: 1977թ. բացված լաբորատորիան գտնվում էր Պոմպիդու կենտրոնում: Միշելը մինչև այսօր ոգևորությամբ է խոսում իր կյանքի այդ շրջանի մասին, ասելով, որ «մեզ համար դա մշակութային հեղափոխություն էր»:

Քանդակելով դատարկությունը

Ճարտարապետական կրթություն Միշելն ստացավ  Մասսաչուսեթս նահանգի Նյու Յորք և Քեմբրիջ քաղաքներում: Ավարտելուց հետո աշխատեց աշխարհի առաջատար ընկերություններից «Սքիդմոր, Օուինգս և Մերիլում»՝ զգալի ներդրում ունենալով Լոնդոնի Դոկլենդս թաղամասի վերափոխման մեջ: Վերջին 10 տարում Միշելն իր սեփական ճարտարապետական ընկերությունն ունի բրիտանական մայրաքաղաքում և զբաղվում է ծավալուն, միջազգային հանրության ուշադրությունը գրաված նախագծերով: Բացի բուն Լոնդոնում իրականացվող մի շարք նախագծերից, ընկերությունը ղեկավարում է Մարոկկոյի Ֆես քաղաքի կենտրոնական հրապարակի ձևափոխման, Շանհայում «Էքսոն Մոբիլի» հսկայական տեխնոլոգիական կենտրոնի կառուցման նախագծերը և վերահսկում Քաթարի Դոհա քաղաքի նոր՝ Մշեյրեբ թաղամասի շինարարությունը: Միշելը նաև առանցքային դեր է ունեցել Բրյուսելում ՆԱՏՕ-ի նոր շտաբակայանի նախագծման ընթացքում:

1-3

Միշելի վերջին ձեռքբերումը Մեքքայի իսլամական հավատի թանգարանի նախագծման մրցույթում հաղթանակն է:

«Շենքը պարզապես վահանակ չէ, այն բխում է մտքերի և նպատակների միավորումից, որոնք պետք է հաղորդակից լինեն թե բնակիչներին, թե լայն հանրությանը»,- նշում է Միշելը: Նա կրկին անդրադառնում է «մշակութային ընդհանրությունների» թեմային, որն իր գործի հիմքերից մեկն է: Ըստ Միշելի, մարդկային կարիքները միշտ գերակա են շուկաների և քաղաքականության կարիքների համեմատ. «Խնդիրն այն է, թե ինչպես ստեղծել տարածքներ, որոնք մարդիկ կվայելեն այնքան, որ կցանկանան վերադառնալ: Նրանց ստեղծած կապն առաջին հերթին մշակութային է, այլ ոչ տնտեսական: Ի վերջո, տնտեսական հաջողությունը մեծապես պայմանավորված է մարդկանց վերադառնալու ցանկությամբ»:

Պատահական չէ, որ մշակույթ, ինքնություն և պատկանելություն եզրույթները կարևոր տեղ են զբաղեցնում Միշելի մտքերում: «Միշտ զգացել եմ, որ տարբեր եմ, ոչ միայն ազգանվան պատճառով: Իհարկե, ես ծնվել եմ Ֆրանսիայում, սակայն իմ պատմությունը տարբեր էր իմ համադասարանցիների պատմությունից»,- ասում է նա:

Միշելի տատիկ Էլիզաբեթ Ալթունյանը՝ 1897թ. ծնված, եկել էր Ամասիա քաղաքից, որը գտնվում է սևծովյան խոշոր Սամսոն նավահանգստին հարող Պարխարյան լեռնաշղթայում: Մեծացել էր, սակայն, Ղրիմյան թերակղզում՝ Յալթայում, որտեղ իր հայրը, ավելի քան 20 տարի ԱՄՆ-ում անցկացնելուց հետո, տեղավորվել էր որպես մրգերի և բանջարեղենի վաճառական: Երբ ռուսական ցարն ընտանիքի հետ տեղափոխվում էր Ղրիմի իր ամառային բնակավայրը, նրանց մթերքն ապահովում էր Էլիզաբեթի հայրը: Ազնվական շրջանների այլ աղջիկների նման, Էլիզաբեթին հրավիրում էին պարահանդեսների: Նույնիսկ մեծ տարիքում նա երբեք չէր դադարում պատմել ճոխ երեկույթների և սպաների հետ վալս պարելու մասին: Ինչևէ, Հոկտեմբերյան հեղափոխությունը վերջ դրեց ռուսական միապետությանը:

Անվերադարձ ճանապարհորդություն

Դրանից մի քանի տարի առաջ ընտանիքն ավելի ուժեղ ցնցում ապրեց: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Էլիզաբեթը պետք է ընկերակցեր իր տատիկին Ամասիայից Օսմանյան կայսրություն ճանապարհորդության ընթացքում. գնում էին հեռու բարեկամների այցելելու և իրենց պատկանող տունը վաճառելու: Էլիզաբեթն անհամբեր սպասում էր այդ ճանապարհորդությանը և խիստ հիասթափվեց, երբ ընտանիքի մեծերը որոշեցին, որ նա դեռ շատ երիտասարդ է՝ գնալու համար: Փոխարենը տատիկի հետ մեկնեց նրա ավագ քույր Սիրանուշը:

mo3

Ալթունյանների ընտանիքը 1910թ.: Միշելի մեծ տատիկ Էլիզաբեթը (մեջտեղում) և նրա թոռնիկ Սիրանուշը (աջից). երկուսն էլ սպանվել են 1915թ. Թուրքիայում: Միշելի տատիկ Էլիզաբեթը (աջ կողմում կանգնած) պատահմամբ է փրկվել:

Նրանց մեկնումից ամիսներ անց ողջ Օսմանյան կայսրությունով սկսվեցին հայերի դեմ բռնությունները. չխնայեցին նաև Ամասիայի համայնքը: Երկու կանայք այդպես էլ չվերադարձան: Միայն 15 տարի անց ընտանիքն իմացավ նրանց ճակատագրի սարսափելի մանրամասները:

mo2

Ալթունյանների ընտանիքի մրգերի և բանջարեղենի վաճառակետը Յալթայում:

Պատերազմից հետո Էլիզաբեթն ամուսնացավ հացահատիկի առևտրով զբաղվող Միսաք Մոսեսյանի հետ: Պարզվեց, նա նույնպես պալատական մատակարար է: Տեղի քահանան ամուսնացրեց զույգին քաղաքացիական հագուստներով, քանզի Խորհրդային միությունում արդեն իսկ սկսվել էին քրիստոնյաների հալածանքները: Հետո նորապսակերը տեղափոխվեցին Մոսկվա, որտեղ ծնվեցին դուստր Ժինետը և որդի Չարլզը: Սկզբից Միսաքը պայքարում էր կոմունիստների դեմ, բայց երբ Իոսիֆ Ստալինը դադարեցրեց առևտուրը և փակեց սահմանները, զգաց, որ առջևում դժվարին ժամանակներ են: Նա պարսկական անձնագրեր հայթայթեց և իր սեփականության մեծ մասը վերածեց ադամանդների, որոնք թաքցրեց կոստյումի կոճակների և ատամի խոռոչների մեջ: Նրանք Նախիջևանով փախան Թավրիզ, ևս մի քանի շաբաթ անց վերջապես հասան Բեյրութ՝ Լիբանան:

mmm1

Էլիզաբեթ և Միսաք Մոսեսյանները՝ իրենց երեխաներ Ժորժի, Ժինետի և Շառլի հետ հարավային Ֆրանսիայում, 1937թ:

Այստեղ Էլիզաբեթի զարմիկը պատմեց նրանց, թե ինչ է կատարվել Ամասիայում Հայոց ցեղասպանության ժամանակ: Սկզբից գրեթե բոլոր տղամարդկանց տեղահանել են: Որոշ ժամանակ անց մնացած տղամարդկանց հավաքել են եկեղեցում և կենդանի այրել: Կանանց ու երեխաներին, ներառյալ Էլիզաբեթին և Սիրանուշին, կողոպտել, ծեծել, բռնաբարել և սպանել են գաղթի ճանապարհին: Քիչ մարդկանց թվում, որ ողջ են մնացել և փախել, Էլիզաբեթի՝ այն ժամանակ դեռ փոքրիկ զարմիկն էր:

Ժամանում օտար երկիր

Չնայած 4 հոգանոց երիտասարդ ընտանիքն ի սկզբանե որոշել էր գաղթել ԱՄՆ, նրանք մտափոխվեցին, երբ Ֆրանսիայի հյուպատոսը Ֆրանսիայի քաղաքացիություն առաջարկեց՝ այնտեղ բնակություն հաստատելու պայմանով: Նրանք տեղափոխվեցին Թուլուզի մոտակայքում գտնվող Ալբի քաղաքը, որտեղ կոշիկների արտադրություն սկսեցին: Ֆրանսիայում Միսաքը դառավ Միշել:

Շուտով ծնվեց ևս մեկ երեխա՝ Ժորժը: Նոր բնակավայրում նրանք ոչ ոքի չէին ճանաչում, հայեր նույնպես չկային: Եվ, այնուամենայնիվ, Ալբիի մայր տաճարը մարդկանցով լիքն էր Միսաքի թաղմանը 1976թ.-ին: «Կարո՞ղ է լինել ինտեգրման ավելի լավ ապացույց»,- հարցնում է Միշելը՝ հպարտ իր պապի պատվին անվանակոչվելու համար:

Միշելի հայրը՝ Շառլը, դարձավ տրանսնացիոնալ ընկերության տեխնիկական տնօրեն: Վերջերս Միշելը հարավային Ֆրանսիայում տուն կառուցեց հոր համար, ուր նա կտեղափոխվի թոշակի անցնելուց հետո: Ավազե ամրոցի մրցավայրի լողափից ոչ շատ հեռու հայր ու որդի կրկին միավորվեցին:

Շատ վաղ տարիքից Միշելը ոգեշնչված էր «միջազգայնության» գաղափարով. նրա մեծ պապը գրեթե երկու տասնամյակ ապրել էր ԱՄՆ-ում: Անխոս, իրավիճակի մշտական վտանգավորության և իր յուրահատուկ ինքնության գիտակցումը, ընդլայնեց Միշելի մտահորիզոնը: «Ինձ համար՝ որպես ճարտարապետի, այս բազմազանության դպրոցը միշտ առավելություն է եղել,- բացատրում է Միշելը,- ուրիշներին լսելու, իմ փորձը կիսելու, դիմացինին ըմբռնելու իմ ունակության շնորհիվ ես շատ ավելի հեշտությամբ եմ աշխատում տարբեր մշակույթների մարդկանց հետ: Այս տեսակ հաղորդակցությունը կարող է հիմնված լինել ոչ այնքան լեզվի, որքան դրա իրական հիմքի՝ ներըմբռնման և երևակայության վրա: Իսկապես, կարծում եմ, որ դրա մեջ ինչ-որ հայկական բան կա: Այո՛, կա»:

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: