Արաբական մամուլը գրում է, որ սիրիացի հրապարակախոս, քաղաքագիտության դոկտոր Ուրուբա Բարաքաթը քառասուն տարի է՝ գրում էր հանցագործների մասին և բացահայտում նրանց արարքները, իսկ այսօր նրա անունն է հայտնվել թերթերի առաջին էջերում: Թուրքիայի ոստիկանությունը փնտրում է հանցագործներին, որոնք Ստամբուլում սպանել են սիրիացի կին գրողին և նրա դստերը: Ոստիկանությունը դեռևս մանրամասներ չի ներկայացրել օրեր առաջ Թուրքիայում սպանված սիրիացի ընդդիմադիր գրող, 60-ամյա Ուրուբա Բարաքաթի և նրա 22-ամյա դստեր սպանության վերաբերյալ: Մոր և դստեր մարմինները գտել են Պոլսո Սկյուտար թաղամասում գտնվող նրանց բնակարանում, իսկ հանցագործները, հետքերը թաքցնելու համար, զոհերի վրա մեծ քանակությամբ լվացքի փոշի են լցրել:
Ուրուբա Բարաքաթի քոյրը՝ Շազա Բարաքաթը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անարդարության և բռնակալության բազուկը սպանեց քրոջս՝ դոկտոր Ուրուբա Բարաքաթին և նրա աղջկան՝ Հալային, Պոլսո իրենց տանը դանակահարելով: Նրանք պայքարում էին անարդարության դեմ»…
Մամուլը հիշեցնում է, որ Ուրուբա Բարաքաթը Սիրիայի ազգային ընդդիմադիր խորհրդի անդամ էր, իսկ նրա դուստրը՝ Սիրիայից դուրս գործող արաբական ընդդիմադիր գործակալության աշխատակից: