Բաթումի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում, որտեղ նախօրեին հրդեհ է բռնկել, հրշեջ սանդուղքներ չեն եղել։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
«Լեո գրանդ» 5 աստղանի հյուրանոցը բացվել է 2015 թվականին։ Հյուրանոցային 182 սենյակ ունեցող հաստատությունը` նախագահական համարներով, սրահներով ու սպա-կենտրոնով, 35 միլիոն դոլար է արժեցել։
Աջարիայի զբոսաշրջության գործակալությունը մի քանի ամիս առաջ այս հյուրանոցին տուգանել էր հակահրդեհային համակարգի բացակայության համար։
Ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել «հրդեհի ճանապարհով վնաս հասցնելը կամ ոչնչացնելը» հոդվածով, որով նախատեսվում է 3-5 տարվա ազատազրկում։
Սակայն ավելի ուշ քրեական գործը վերաորակվել է մեկ այլ հոդվածով` «հակահրդեհային կանոնները խախտելը, որի հետևանքով երկու և ավելի մարդ է մահացել», որը 5-8 տարվա ազատազրկում է նախատեսում։
Թուրքական ԶԼՄ-ների տվյալով, հյուրանոցի տերը թուրք գործարար Էրոլու Ավղորենն է։
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին արդեն հայտարարել է, որ հրդեհի մեղավորները կպատժվեն։
«Տեղի ունեցածի կապակությամբ հետաքննություն է անցկացվում։ Համապատասխան ծառայությունները մոբիլիզացվել են հրդեհի պատճառն արագ պարզելու համար։ Դրան կհաջորդի խիստ արձագանքը, և բոլոր նրանք, ովքեր մեղավոր են այս ողբերգության համար, կպատժվեն»,- ասել է նա։
Նա ցավակցություն է հայտնել մահացաների ընտանիքներին։
Վերջին տվյալով, հրդեհի հետևանքով մահացել է 11 մարդ, տուժել` 21-ը։