«Մանկական եվրատեսիլ-2017» հեղինակավոր միջազգային մրցույթում հաղթեց Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Պալինա Բոգուսևիչը «Թևեր» երգով:
Մրցույթի հայաստանյան մասնակիցը՝ 9-ամյա Միշան ժյուրիի և օնլայն քվեարկության արդյունքում զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը: Նա ելույթ ունեցավ չորրորդ համարի ներքո՝ ներկայացնելով «Բումերանգ» երգը, որի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներ՝ Ավետ Բարսեղյան, Դավիթ Ծերունյան, Արթուր Աղեկյան: Երգի միջոցով «Փոքրիկ ղարաբաղցին» ցանկացավ բարություն սփռել աշխարհում:
Մրցույթն անցկացվեց նոյեմբերի 26-ին 15-րդ անգամ՝ «Shine bright» («Շողա պայծառ») նշանաբանի ներքո, Թբիլիսիում:
Միշան 12 միավոր ստացավ Կիպրոսից, 10-ական միավորներ վաստակեց Ալբանիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Վրաստանից, 8-ական միավորներ ստացավ Բելառուսից և Պորտուգալիայից, 7 միավոր Մալթայից, 3՝ Ավստրալիայից և 2-ական միավորներ Մակեդոնիայից և Սերբիայից:
Հայաստանն իր 12 միավորը տվեց Վրաստանին:
Միշան բեմում միայնակ էր՝ առանց պարային խմբի և բեք վոկալի: Նրա հագուստը բավականին պարզ էր ու գեղեցիկ: Ելույթին բեմում հեքիաթային մթնոլորտ էր տիրում:
Այս տարի միջազգային մրցույթի քվեարկության կարգում կարևոր փոփոխություններ էին տեղի ունեցել: Ըստ նոր կարգի՝ մասնակից երկիրը օնլայն քվեարկության միջոցով կարող էր քվեարկել նաև իր պատվիրակի օգտին: Քվեարկությունը մեկնարկել էր նոյեմբերի 24-ից www.junioreurovision.tv կայքում, որտեղ հնարավոր էր դիտել բոլոր 16 մասնակիցների ելույթների նախնական տարբերակները: Հեռուստադիտողը ելույթը դիտելուց հետո հնարավորություն ուներ միաժամանակ քվեարկել 3, 4 կամ 5 մասնակցի օգտին:
Քվեարկությունն ավարտվեց նոյեմբերի 26-ին` մրցույթի օրը` անմիջապես շոուից առաջ: Այն վերսկսվեց մրցույթի ընթացքում բոլոր 16 ելույթներից հետո: Տվյալ քվեարկությունը տևեց 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն վերածվեց միավորների՝ դառնալով մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը ձևավորվեց ժյուրիի գնահատականի հիման վրա: Հաղթող ճանաչվեց ամենաշատ միավոր հավաքած մասնակիցը:
9-ամյա Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ: «փոքրիկ ղարաբաղցին» 2016 թվականին մեր հայրենիքը ներկայացրել է «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթում ու զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին բացի Հայաստանից մասնակցեց ևս 15 երկիր՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա, Վրաստան:
Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է: