Երգչուհի Կարինա Առուստամյանը Life.panorama.am-ի հետ է կիսվել իր մի շարք նորություններով:
«Քանի որ խմբիս երաժիշտները «Հայաստանի ձայն»-ում ևս նվագում են, մենք մեր խմբով ժամանակավորապես դադարեցրել ենք մեր ստեղծագործական գործունեությունը, մինչև կավարտվի նախագիծը: Հետևաբար, նոր երգեր և տեսահոլովակ կլինի արդեն հաջորդ տարվա սկզբին: Միաժամանակ նշեմ, որ թեև նոր աշխատանքներ չենք անում, բայց ամեն օր ելույթներ ունենում ենք»,- նշեց Կարինան ու շարունակեց.
«Երաժշտական խմբիս զբաղվածության պատճառով որոշեցի այս տարի որոշ գործեր ինքնուրույն իրականացնել: Միշտ մտածում էի գեղեցիկ քավեր ստեղծագործությունների մասին, սակայն անընդհատ ժամանակս չէր ներում դրանք իրագործել: Հիմա որոշել եմ ամեն ամիս 1-2 քավեր թողարկել, սակայն տեսանյութերի տեսքով, որով նաև մեր երկրում կփորձեմ զարգացնել այդ կուլտուրան: Քանի որ Հայաստանում շատերն են երգն անգիր սովորում և երգում, հետո էլ դա անվանում որպես քավեր, ես ցանկանում եմ շտկել դա, որովհետև քավեր նշանակում է ամբողջովին երգը փոխել: Ի դեպ՝ այս հարցում համագործակցում եմ իմ շատ լավ ընկեր Նիկ Եգիբյանի հետ»:
Կարինա Առուստամյանն արդեն իսկ այս ուղղությամբ սկսել է աշխատանքները:
«Սկսել ենք Սեմ Սմիթի «Good At Goodbyes» երգով, որն, ի դեպ, կարճ ժամանակում բավականին մեծ արձագանքներ ունեցավ: Ասում են, երբ որևէ բան մեծ սիրով ես անում, այն անպայման հաջողություն է ունենում. Կարծում եմ՝ սա այդ դեպքն է: Մենք սա չենք անում, որ գումար աշխատենք, մենք անում ենք դա, քանի որ սիրում ենք ու ուզում ենք գեղեցիկ աշխատել»,- պատմեց երգչուհին:
Կարինա Առուստամյանն այս շրջանում աշխատում է նաև իր անհատական ձայնասկավառակի վրա.
«2018-ին լույս կտեսնի իմ ձայնասկավառակը, որին շատ-շատ եմ սպասում: Կարծում եմ՝ ժամանակն է ունենալ իմ անհատական ալբոմը, որտեղ ընդգրված կլինեն միայն այն երգերը, որոնք բնութագրում են ինձ ու իմ երաժշտական ճաշակը: Ի դեպ՝ ձայնասկավառակս լրացված կլինի անգլերեն երգերով»,- նկատեց նա:
Սեպտեմբերից Կարինան բացել է սեփական վոկալ-ստուդիան, որը կոչվում է «New artist»: Ինչպես նաև «Դար 21» հեռուստաընկերության նախաձեռնությամբ երգչուհի բացել է «Studio 21» փրոդաքշենը, որտեղ սովորում 3-18 տարեկան աշակերտներ:
«Շատ հետաքրքիր ծրագրեր ունենք, որոնք հերթով փորձում ենք իրականացնել: Այստեղ ուզում ենք երեխաներին ներկայացնել մոդեռնացված երաժշտությամբ, բայց դա անել այնպես, որ նրանք իրենց տարիքից արհեստական մեծ բաներ չանեն: Այստեղ ընկերուհուս հետ եմ աշխատում, մենք իրար շատ լավ ենք հասկանում, մեր գործը հեշտանում է հատկապես այն հանգամանքի պատճառով, որ շատ ենք սիրում երեխաների հետ աշխատել»,- նշեց նա:
Կարինա Առուստամյանը զրույցի վերջում նշեց, որ անձնական կյանքում դեռևս նորություններ չունի, քանի որ իրեն ամբողջությամբ նվիրել է աշխատանքին: