Սա է ինձ համար իրական հաղթանակը. Ռոբերտ Քոլոյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Սա է ինձ համար իրական հաղթանակը. Ռոբերտ Քոլոյան. life.panorama.am

«Հայաստանի ձայնը» նախագծի չորրորդ եթերաշրջանում կրքերը գնալով թեժանում են: Նախորդ շաբաթ Սոֆին և Արամեն «Նոկաուտ» փուլում կատարեցի իրենց ընտրությունն ու վեցական մասնակիցներից ընտրեցին երեքին: Սոֆիի թիմում պայքարող երգիչ, լուսանկարիչ Ռոբերտ Քոլոյանը շատերի համար անակնկալ կերպով դուրս մնաց մրցույթից: Նա կատարեց Պատրիկ Ֆիորիի «Les Montagnes d’Arménie» հայտնի երգը, որով հուզեց նաև հանդիսատեսին: Եվ չնայած Սոֆին սկզբում ընտրեց Ռոբերտին, սակայն ավելի ուշ նախագծից դուրս թողեց նրան: Ռոբերտ Քոլոյանի ելույթից ընդամենը երկու օր անց հանրահայտ երգիչ Պատրիկ Ֆիորին անակնկալ կերպով արձագանքել է՝ հայտնելով, որ երիտասարդ երգիչն իրեն մեծ էմոցիաներ է տվել:

Life.panorama.am-ի հետ զրույցում Ռոբերտը դժվարանում էր բառերով փոխանցել հուզմունքն ու ուրախությունը, նա փաստեց՝ Պատրիկ Ֆիորիի արձագանքն իր համար շատ ավելի մեծ հաղթանակ է:

«Երբ ընտրում էի այս երգը, «Նոկաուտ» փուլի համար, սպասելիքներ շատ ունեի, ակնկալում էի, որ այն կընդունվի հանդիսատեսի, ժյուրիի և հեռուստադիտողի կողմից։ Ինձ համար կարևոր էր ճիշտ և էմոցիոնալ կատարել երգը, որպեսզի կարողանամ ամեն հնչյունով տեղ հասցնեմ ապրումներս։ Եվ մինչ այսօր, ես ստանում էի հաղորդագրություններ, զանգեր և լսում ու կարդում գովեստի և հիացմունքի խոսքեր։ Սակայն, շատ մեծ անակնկալ էր, երբ ստացա նամակ անձամբ Պատրիկ Ֆիորիից, նա իր պաշտոնական ինստագրամյան էջում գրել էր, թէ ինչքան է հավանել ելույթս, որ ես իրեն մեծ էմոցիաներ եմ պարգևել, և որ ելույթիս տեսագրությունով կիսվել է իր թվիթերյան էջում։ Շատ շնորհակալ եմ Պատրիկ, արձագանքի համար, ուրախ եմ, որ կարողացել եմ երգը տեղ հասցնել և այս տեսակ ողջունում ստանալ։ Սա է ինձ համար իրական հաղթանակը։ Շնորհակալ եմ բոլորից, ովքեր իմ կողքին էին, և ուժ էին տալիս ինձ, որպեսզի իմ ելույթը կայանա»,- նշեց Ռոբերտ Քոլոյանը:

Հիշեցնենք, որ «Les Montagnes d’Arménie» երգի օրիգինալ տարբերակը կատարել է աշխարհահռչակ ֆրանսիահայ երգիչ Պատրիկ Ֆիորին:

life.panorama.am



Նման նյութեր