Այսօր լրագրողների հետ հանդիպեցին շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Մանուէլ Պետրոսյանը և մրցաշարում հայկական պատվիրակության ղեկավար, մարզիչ Արսեն Եղիազարյանը: Հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
«Մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը շատ լուրջ մրցաշար է: Հաղթողը միանգամից միջազգային գրոսմայստերի կոչում և աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր է ստանում: Այդ պատճառով հանդես են գալիս բոլոր ուժեղագույն երիտասարդ շախմատիստները:
Բացի Մանուէլ Պետրոսյանից, մրցաշարին մասնակցեցին Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Հարությունյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Մանուէլի մեկնարկն այնքան էլ հաջող չէր, բայց վերջում լավացրեց խաղի որակը և որոշիչ պարտիաներում կարողացավ հաղթել երկու ուժեղագույն մրցակիցների: Նրանցից մեկը չեմպիոնության գլխավոր հավակնորդներից է:
Մանուէլն արժանիորեն զբաղեցրեց երկրորդ տեղը: Մեր մյուս շախմատիստներն այնքան էլ հաջող հանդես չեկան: Հայկ Մարտիրոսյանը դեռ 17 տարեկան է և ապագայում անպայման մեդալ կնվաճի: Նա կարողացավ բարելավել իր անհատական վարկանիշը, ինչն արդեն իսկ լավ է:
Տիգրանն ու Սիրանուշը տարբեր հանգամանքներով պայմանավորված, իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան: Տիգրանը թույլ մեկնարկից հետո վերջում ավելացրեց, իսկ Սիրանուշը վաստակեց միավորների 50 տոկոսը: Կցանկանայի նշել, որ Մանուէլի անձնական մարզիչ Արման Փաշիկյանը բացակայում էր, սակայն Մանուելն ու նա համացանցով կապ էին պահպանում, ինչը նպաստեց Մանուելի հաջող ելույթին: »,-ասել է Արսեն Եղիազարյանը:
«Ես իրոք անհաջող մեկնարկեցի, այնուհետև սկսեցի ավելի լավ խաղալ: Կարծում եմ վերջում, մյուս մասնակիցների համեմատ ուժերս ավելի էին ներում պայքարելու մրցանակային տեղի համար: Մրցակիցներս շատ էին հոգնել, անվստահ էին գործում և սխալներ թույլ տալիս: Վերջին պարտիայում մրցակիցս տրամադրված էր միայն հաղթանակի, ռիսկային էր գործում, բայց մենք լավ էինք նախապատրաստվել, և ինձ հաջողվեց հասնել որոշիչ առավելության:
Շատ միավորներ էի հավաքել, բայց առաջին տեղի համար բավարար չեղավ: Ֆիզիկապես ինձ հրաշալի էի զգում, ինչի համար շնորհակալ եմ ֆիզիկական պատրաստության մարզչիս՝ Վահան Նիկոլյանին: Տասնինը տարեկան եմ և դեռ կհասցնեմ ևս մեկ անգամ հանդես գալ աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում: Ճիշտ եզրակացություններ կանեմ և կշարունակեմ աշխատել: Օգնության և աջակցության համար երախտապարտ եմ Արսեն Եղիազարյանին, Արման Փաշիկյանին և Լևոն Արոնյանին: Նրանց խորհուրդներն ինձ շատ օգնեցին: Այս տարի սա իմ վերջին մրցաշարն էր, կպատրաստվեմ հաջորդ տարվա»,-ասել է Պետրոսյանը:
armsport.am