Սոցիալական ցանցերում ժամանակ առ ժամանակ հայտվում են նախկին և ներկա պաշտոնյաների նախասիրությունները, երաժշտական և այլ ճաշակը ներկայացնող հրապարակումներ, տեսանյութեր: Հատկապես նոր կառավարության անդամները մամուլի կամ սոցիալական ցանցերի էջերում փորձում են ներկայանալ իրենց կենսագրության այնպիսի դրվագներով, որոնցով կտարբերվեն նախորդ կառավարության անդամներից՝ նախարարներից: Նրանք մանրամասն ներկայացնում են իրենց կենսագրականները՝ կրթական ինչպիսի հաստատություններում են ուսանել, որտեղ են այս կամ այն վերապատրաստման միքանիամսյա դասընթացներն անցել, որ լեզուներին են տիրապետում՝ ինչ մակարդակով՝ ազատ շփվելո՞ւ, թե՞ բացատրվելու մակարդակով, քանի՞ պետական կամ այլ պարգև ու մեդալ, շնորհակալագիր, խրախուսագիր են ստացել, ո՞ր թերթում կամ ո՞ր ամսագրում քանի հոդված են հրապարակել, զավակները որտե՞ղ են սովորել (սովորում), քանի՞ միջոցառում են կազմակերպել, քանի-քանի միությունների, խորհուրդների անդամ են, և այլն, և այլն: Այս ամենը շատ լավ է, բայց, ինչպես ասում են՝ բոլորովին էլ բավարար պայման չէ: Հայաստանի 25-ամյա անկախության տարիների ընթացքում մշտապես ունեցել ենք կրթված, լավ ուսում ստացած, լեզուների տիրապետող նախարարներ, պետեր, մենեջերներ, սակայն կյանքը ցույց է տվել, որ դա բավարար չէ որևէ ոլորտի լավ կառավարիչ, քաղաքական, առավել ևս՝ պետական գործիչ լինելու համար:
Այնպես որ, այդ հակադրություններով կամ «առավելություններով» հանդես գալը ճիշտ չէ, մանավանդ, որ դրանով այսօր այլևս քչերին է հնարավոր զարմացնել: Ի դեպ, լեզու իմանալն էլ մասնագիտական կամ այլ առավելություն չէ, լեզուն ընդամենը միջոց է, գործիք:
Ինչևէ, եթե հիշում եք՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոբբին ընթերցանությունն է, նաև լավ շախմատ է խաղում: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնի է իր մի քանի նախասիրություններով՝ բասկետբոլ, ձիասպորտ, դահուկային արագավազք, ջրային սպորտաձևեր: Նա նաև որսի մեծ սիրահար է: ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը շախմատի սիրահար է, և ըստ ոլորտի ներկայացուցիչների՝ բավական լավ է խաղում:
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը տարիներ շարունակ ստեղծագործել է՝ երգեր է գրել, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը ևս. ավելին՝ նրա հեղինակած երգերը կատարում են հայ երգիչ-երգչուհիները: Իսկ ահա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պարզվում է, երիտասարդ տարիքում սաքսոֆոն է նվագել:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ռոքի մեծ սիրահար է. հրաշալի կիթառ է նվագում, համացանցում տարածվել էր նրա կատարմամբ Midnight Blues անունը կրող ստեղծագործությունը:
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ևս ռոք-երաժշտության սիրահար է: Նրա կիթառը միշտ ավտոմեքենայի մեջ էր և առիթի դեպքում՝ նվագում և երգում էր: Ընդ որում, եթե հիշում եք, Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնին հրաժեշտ տալու օրը Facebook-յան իր պաշտոնական էջում, որպես հրաժեշտի նշան, տեղադրել էր ռուսական հայտնի ДДТ ռոք խմբի «Это всё» երգը:
Սոցիալական ցանցերում այս օրերին լայն տարածում է գտել ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանից մի տեսանյութ, որում նա ջազ է նվագում` հարվածային գործիքներով: Կարեն Կարապետյանը ևս մշտապես հայտնի է եղել իր ռոք նախասիրությամբ: Վարչապետի պաշտոնում նրա նշանակման կապացությամբ ամերիկահայ հայտնի երաժիշտ Դերեկ Շերինյանը Facebook-յան իր էջում, անդրադառնալով նրա նշանակմանը, գրառում էր կատարել. «Ցանկանում եմ շնորհավորել իմ սիրելի ընկեր Կարեն Կարապետյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու համար:
Կարենը տարիներ շարունակ հովանավորել է իմ բազմաթիվ ուղևորություն-ներկայացումները Հայաստանում, և մենք շատ լավ ժամանակ ենք անցկացրել:
Ապրես, Կարեն ջան»,- գրել էր երաժիշտը:
Հիշենք ՀՀ նախկին և ներկա վարչապետների երաժշտական կատարումները:
ՀՀ նախկին վարչապետ, այժմ՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ, այժմ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան
Աստղիկ Գրիգորյան