Անի Քրիստին այս օրերին Երևանում է: Ամերիկաբնակ երգչուհու՝ Հայաստան վերադառնալու հիմնական պատճառը օրերս կայացած Արամ Ավագյանի հեղինակային երեկոն է եղել, սակայն նա այստեղ կմնա մինչև հունվարի17-ը:
«Արամ Ավագյանի հեղինակային երեկոյի կազմակերպիչների հրավերով եմ եկել Հայաստան, ինչի համար շատ շնորհակալ եմ: Պետք է ասեմ, որ նախկինում Արամի երգերից չեմ կատարել, և երգը, որն այդ օրը ներկայացրի, պրեմիերա էր: Շատ գեղեցիկ երգ է, որը կոչվում է «Կարոտել եմ»: Այն կատարեցի երկու հրաշալի դուդուկահար եղբայրներ Վարդան և Գաբրիել Շահինյանների հետ: Ի դեպ՝ նրանց ևս նախկինում չէի ճանաչում, բայց արդեն իսկ հասցրել ենք բարեկամանալ, ավելին՝ մտադրություն ունենք միասին այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Անի Քրիստին:
Այստեղ լինելու ընթացքում Անին մի շարք ծրագրեր ունի իրականացնելու:
«Գրեթե 1.5 ամիս այստեղ կլինեմ և կփորձեմ հնարավորինս շատ բան հասցնել անել: Արդեն իսկ համերգային փոքրիկ ծրագիր ունեմ, այս ընթացքում նոր երգեր կլինեն, կփորձեմ վայելել հայաստանյան ձմեռը տարբեր մարզերում՝ պատանեկությանս տարիները հիշելու համար: Սրան զուգահեռ ամեն ինչ կանեմ, որպեսզի նաև Վրաստան գնամ՝ այցելելու հայրական տատիկիս և պապիկիս շիրիմներին»,- նկատեց նա:
Անի Քրիստին Ամանորը կանցկացնի Հայաստանում: Երգչուհին վերջին անգամ ութ տարի առաջ է այստեղ Ամանորն անցկացրել, սակայն մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ միշտ ԱՄՆ-ում այդ օրը փորձել է հայկական մթնոլորտ ստեղծել:
«Վերջին տարիներին Նոր տարին նշել եմ Հնդկաստանում, Պարսկաստանում, ԱՄՆ-ում, բայց Հայաստանում արդեն ութ տարի է, ինչ չեմ նշել: Իսկապես շատ ուրախ եմ, որ այս տարի այստեղ կլինեմ՝ տատիկիս և պապիկիս հետ: Նրանք արդեն ծեր են և ես ուզում եմ հնրավորինս շատ ժամանակ անցկացնել իրենց հետ: Ի դեպ՝ ասեմ, որ ԱՄՆ-ի իմ տանը Ամանորը միշտ հայկական կերպով եմ նշել, սկսած տոնական սեղանից, որտեղ տեղ են գտնում տատիկիս ավանդական բաղադրատոմսերով պատրաստված ուտեստները: Գիտեք, արտերկրում օտարանալու խնդիրը շատ մեծ է, պետք է կարողանալ մշտապես պահել ազգային ավանդույթներդ ու տեսակդ: Ես չեմ ուզում բնակության վայրը փոխելու պատճառով տեսակս էլ փոխվի: Ուրախ եմ, որ ընկերներս, տարիներով ինձ չտեսնելով, իմ մեջ ոչ մի փոփոխություն չեն նկատում: Սյո, ես չեմ գնացել նահանգներում ապրելու, որպեսզի փոխվեմ»,- ընդգծեց երգչուհին:
Խոսելով երկար տարիներ Հայաստանից հեռու լինելու և ամերիկյան կյանքով ապրելուց հետո այստեղի ապրելակերպին նորից սովորելու դժվարությունների մասին՝ Անին վստահ նշեց.
«Այս հարցում ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: ԱՄՆ-ում ոչ մի խնդիր չունենք, այստեղ ևս մենք տատիկիս տանը կարող ենք իդեալական հարմարություններ ստեղծել, սակայն տատիկս չի ցանկանում. նա սովորել է իր տանը և ինչպես գրեթե բոլոր մեծերը, ինքն էլ չի ուզում իր տանը փոփոխություններ անել: Նրա տունը 12-րդ հարկում է, դե ես էլ այստեղ լինելուս ընթացքում իր տանն եմ ապրում: Պետք է ասեմ, որ լինում են դեպքեր, երբ լույսը կամ ջուրը կտրում են, բայց ես ընդհանրապես դրանում պրոբլեմ չեմ տեսնում: Հավատացեք, եղել է դեպք, երբ ես այստեղ անգամ «կռուշկայով» լողացել եմ և դրա մեջ էկզոտիկա եմ տեսել: Ես այն սերունդից եմ, ով շատ լավ գիտի, թե ինչ բան է «կիպյատիլնիկով» ջուր տաքացնել, առանց լույսի նստել և այլն: Հետևաբար, որքան էլ ապրեմ դրսում և լավ ապրեմ, ես այստեղ ինտեգրվելու խնդիր չունեմ, իսկ դա իմ լավատեսության շնորհիվ է»: