Արթուր Պետրոսյան. Լեհաստանից կրած պարտությունն ամենախայտառակն էր ինձ համար (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արթուր Պետրոսյան. Լեհաստանից կրած պարտությունն ամենախայտառակն էր ինձ համար

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ՀՀՖ-ի մամուլի քարտուղարությանը տված հարցազրույցում խոսել է մի շարք հարցերի մասին:

Մեր ընտրանու գլխավոր մարզիչը նախ ամփոփել է նոյեմբերին անցկացրած ընկերական խաղերը Բելառուսի և Կիպրոսի հավաքականների հետ, խոսել ԱԱ-2018-ի ընտրական փուլի խաղերի և 2018 թվականի ծրագրերի մասին.

«Շատերն ասում էին` նոյեմբեր ամիսն է, ի՞նչ կարիք կա, որ հավաքականն ընկերական խաղեր անցկացնի: Ասեմ, որ մեր մարզչական շտաբի համար դա շատ կարևոր էր, որովհետև կային ֆուտբոլիստներ, ովքեր նոր էին հրավիրվել հավաքական ու մենք ցանկանում էինք նրանց տեսնել խաղի մեջ: Կային ֆուտբոլիստներ, ովքեր շատ քիչ խաղաժամանակ էին ստացել ընտրական փուլի խաղերում, ու մեզ համար այդ խաղերը շատ կարևոր էին: Կարողացանք նաև տակտիկական փորձարկումներ  անել. երկու խաղն էլ սկսեցինք չորս պաշտպանով, երբ հաշվի մեջ առաջ էինք, խաղավերջում փորձարկեցինք նաև 5 պաշտպանով խաղը: Այնպես որ, կարողացանք շատ դրական բաներ քաղել այդ ընկերական խաղերից:

Ինձ համար` որպես մարզիչ, ավելի նախընտրելի է խաղալ չորս պաշտպանով, որովհետև հարձակման գծում, ինչպես նաև պաշտպանությունում թիմը կարող է ավելի բալանսավորված խաղալ: Բայց նորից կրկնեմ` ամեն դեպքում, պետք է նայես, թե ով է հակառակորդդ, ինչ ֆուտբոլիստներ ունենք տվյալ պահին և նոր որոշել տակտիկական սխեման: Բայց կարողացանք երկու սխեմաներն է կիրառել, ինչը հետագայում կարող է շատ կարևոր լինել մեզ համար:

Հատուկ էինք ընտրել այդ երկու մրցակիցներին, քանի որ կարգով գրեթե մեզ հավասար թիմեր էին: Ճիշտ է` Կիպրոսի հավաքականն Ազգերի լիգայում կխաղա 3-րդ խմբում, իսկ մենք` չորրորդ, ինչպես և Բելառուսը: Մեզ համար արդեն սկսվել է նախապատրաստական շրջանն Ազգերի լիգային:

Երբ նշանակվեցի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, մենք ունեինք երեք պարտություն: Դրանից հետո տոնեցինք երկու հաղթանակ, չորս պարտություն, իսկ վերջում` Ղազախների հետ խաղն, ու ընկերականները` Բելառուսի և Կիպրոսի հետ: Շատ ուրախալի էր Մոնտենեգրոյի հետ խաղի երկրորդ կեսը, ղազախների հետ խաղը, դրանից հետո 4:1 հաշվով պարտվեցինք Մոնտենեգրոյին, ըստ իս իրավունք չունեինք այդ հաշվով պարտվելու: Դրանից հետո եղավ Ռումինիայի հետ ցավալի խաղը, քանի որ այնտեղ գոնե մեկ միավոր պետք է վաստակեցինք: Դրանից հետո Դանիայի հետ խաղը եղավ, երբ վերջնամասում ձախողեցինք, ու նորից իրավունք չունեինք պարտվելու այդ հաշվով: Լեհաստանի հետ տնային խաղը, որը պարզապես ձախողում էր մեզ համար: Դա մեր խայտառակ խաղն էր, նաև իմ` որպես գլխավոր մարզչի: 4 պարտություն ենք կրել, բայց սա այն դեպքն էր, երբ հանձնվեցինք խաղում: Կարծես` լեհերին թույլ տվեցինք անել ամեն ինչ: Որպես մարզիչ` դա իմ ամենախայտառակ պարտությունն էր:

3 օր ատագնա հանդիպում ունեինք Ղազախստանի հետ, ու ես փորձեցի ամեն ինչ անել թե ՛ ինձ և թե ՛ թիմի համար, որ այդ բացասական մթնոլորտը վերածեինք դրականի: Ղազախների հետ շատ լավ խաղ ստացվեց, պարտավոր էինք հաղթելու: Եղան և ՛ ձախողումներ, և ՛ հաջողություններ: Երկու դեպքում էլ դրական բաներ քաղեցինք: Շատ հակասական ստացվեց ամեն ինչ: Սա գործընթաց էր, որի միջով պետք է անցներ և’ մարզական շտաբը և’ ֆուտբոլիստները»,- նշել է մարզիչը:

Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի E խմբի 9-րդ տուրում Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ պարտվել է Լեհաստանին 1:6 հաշվով:

Մանրամասները` ՀՖՖ-ի ներկայացրած տեսանյութում.

armsport.am