Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Անդրանիկ Հարությունյանը: Այս շրջանում դերասանը զբաղված է նոր նախագծով, որն իրականացվում է ամերիկահայ հեռուստադիտողի համար:
«Առաջարկ ստացանք նոր սկետչներ նկարահանել, որը տարբերվելու էր ոլորտում եղածներից: Սրանք շատ համարձակ են, բաց, որոնց ընթացքում հնչող խոսքն էլ խիստ ազատ է: Հնչում են ընդհուպ մինչև հայհոյանքներ, որոնք հնարավոր է եթերի ընթացքում փակվեն»,- պատմեց Անդրանիկն ու շարունակեց.
«Այս նախագծի շրջանակում նկարահանում ենք հայտնի և անհայտ անեկդոտներ: Նկարահանվում ենք ես, Ռաֆայել Երանոսյանը, Վահագն Գլաստյանն ու Լևոն Հարությունյանը: Իրականում շատ ծիծաղաշարջ նախագիծ է, որն այստեղի մեր ժողովուրդը կարող է տեսնել համացանցում»:
Անդոն իր բեմական ընկերոջ՝ Ռաֆոյի հետ միասին վերջերս է վերադարձել Ռուսաստանից: Այնտեղ նրանք մեկնել էին համերգային շրջագայության, սակայն այնքան էլ գոհ չեն վերադարձել.
«Իրականում, մենք մի քանի երգիչ-երգչուհիների հետ մեկնել էինք ՌԴ, որպեսզի 40 քաղաքներում համերգներով հանդես գայինք: Ես ու Ռոֆոն բնականաբար որպես հաղորդավար էինք ներկայանում: Սակայն կազմակերպչական կողմն այնքան վատն էր, որ մենք ստիպված եղանք 17 քաղաքներում ելույթ ունենալուց հետո վերադառնալ: Ռուսաստանում մենք հրաշալի հանդիսատես ունենք, նրանք մեզ շատ ջերմ դիմավորեցին, ի դեպ՝ կրկին ներողություն եմ խնդրում այն քաղաքների բնակիչներից, որտեղ չկարողացանք լինել»,- նշեց նա:
Այս ընթացքում Անդրանիկ Հարությունյանը զբաղված է նաև «ԴեպուՏատի շոուի» աշխատանքներով:
«Առաջին տեսահոլովակից հետո հասկացանք, որ պետք է շարունակենք աշխատել: Հիմա երկու պատրաստի երգ ունենք, որոնց խոսքերը գրված են և սպասում ենք երաժշտությանը: Բացի տեսահոլովակներից, մեր «ԴեպուՏատի շոուի» խումբը աշխատում է ներկայացման և գեղարվեստական ֆիլմի վրա: Եթե ունենանք հովանավորներ, դրանք արագ կիրականացնենք, քանի որ սցենարները գրեթե պատրաստ են: Վստահեցնում եմ, որ մոտ ապագայում մեր հանդիսատեսին ուրախացնելու շատ պատճառներ կունենանք»,- հավելեց նա: