ՖԻԴԵ. Արոնյանը բարելավել է իր վարկանիշը
Advertisement 1000 x 90

ՖԻԴԵ. Արոնյանը բարելավել է իր վարկանիշը

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) այսօր` նոյեմբերի 30-ին, հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը, բայց նախորդ աղյուսակի համեմատ, Արոնյանի վարկանիշային միավորները ավելացել են 4-ով և հասել են 2805-ի:

Աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ աշխարհի չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը, ով ունի 2837 վարկանիշ: Իսկ լավագույն եռյակն այս անգամ եզրափակում է Ադրբեջանի ներկայացուցիչ Շաքրիար Մամեդյարովը` 2799 միավորով:

Հիշեցնենք` նոյեմբերին Արոնյանը Մալյորկայում մասնակցել է ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» խաղարկության եզրափակիչ փուլին: Լևոն Արոնյանը և Դմիտրի Յակովենկոն 9 հնարավորից վաստակել էին 5.5-ական միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող էր ճանաչվեց Յակովենկոն, իսկ Լևոն Արոնյանը զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը:

Արոնյանը դեկտեմբերի 1-ից 11-ը Լոնդոնում կմասնակցի London Chess Classic շախմատի միջազգային գերմրցաշարին (10 մասնակից, շրջանաձև մրցակարգ), որը Grand Chess Tour-ի վերջին՝ հինգերորդ փուլն է:

Նշենք` լավագույն 100 շախմատիստների մեջ տեղ են գտել նաև Հայաստանի 2 ներկայացուցիչներ, նախորդ աղյուսակի համեմատ, Գաբրիել Սարգսյանը 25 տեղով բարելավել է դիրքերը` զբաղեցնելով 72-րդ հորիզոնականը 2672 միավորով, Վլադիմիր Հակոբյանը 78-րդն է 2667 միավորով, իսկ Սերգեյ Մովսիսյանը դուրս է մնացել ցանկից:

armsport.am