Հայաստանում նախատեսվում է ստենտավորման գինը 1միլիոն 80 000-ից իջեցնել մինչև 700 000 դրամ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Ըստ նրա՝ արդեն հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին բուժկենտրոններին կառաջարկվի նոր պայմանագրեր ստորագրել նոր գներով, որը հաջողվել է 50 տոկոսով նվազեցնել՝ ի հաշիվ ստենտների կենտրոնացված գնումների:
Նախարարի խոսքով՝ այդ ամենը ստենտի որակի և ստենտավորման վրա միայն դրականապես է ազդել. երկրում այլևս անհայտ ծագման ոչ մի ստենտ չի դրվի, կկիրառվեն միայն ստուգված երեք մատակարարների ստենտները:
Նախարարը նաև նշել է, որ ստենտավորման գների նվազեցման արդյունքում այդ ոլորտի ֆինանսավորումը չի կրճատվի.«հավելյալ» գումարները հնարավորություն կտան ավելի մեծ թվով պացիենտների ստենտավորել կամ պետպատվերի շրջանակներում գլխուղեղի անոթների ստենտավորում սկսել:
Հիշեցնենք, որ ստենտավորման գների առաջին իջեցումը Հայաստանում տեղի է ունեցել 2016-ի օգոստոսին: Արշավն սկսել է «Աստղիկ» բժշկական կենտրոնը, իսկ նրանից հետո մյուս բոլոր բուժկենտրոնները, նախարարության հետ պայմանավորվածության:
Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am Medicine-ը, Հայաստանում և հարևան Վրաստանում ստենտավորման գների միջև եղած մեծ տարբերությունը հանգեցրեց նրան, որ Հայաստանի շատ բնակիչներ ստենտավորման համար մեկնում էին Վրաստան: Մեր հաշվարկներով, Թբիլիսիում գները երկու, իսկ որոշ տեղերում նաև երեք անգամ ավելի մատչելի էին, քան Երևանում: Այնպես որ ստենտավորման գների նվազեցումը Հայաստանի համար դեռ ակտուալ է:
Ի միջի այլոց, Հայաստանում շատ բժիշկներ գների տարբերությունը բացատրում էին նրանով, որ Վրաստանում կիրառվում են անորակ ստենտներ: Բայց իրականում հարցը կենտրոնացված գնումների մեջ է, ինչը հնարավորություն է տալիս ավելի հարմար պայմաններով ձեռք բերել ստենտները. սա ընդունել է նաև նախարար Ալթունյանը:
med.news.am