Ռուբեն Շուխյանի Facebook-յան գրառումը.
«Երևանի ավագանու վերջին նիստում մերժվեց նաև ներկայիս Ամիրյան փողոցը Վռամշապուհ արքայի անունով վերանվանելու առաջարկը: Հիշեցնենք, որ 5-րդ դարի սկզբի Հայոց թագավոր Վռամշապուհը մեծապես աջակցել է Մեսրոպ Մաշտոցին և կաթողիկոս Սահակ Պարթևին՝ հայ նոր գրերի ստեղծման և տարածման գործընթացում։ Իսկ հակիրճ ներկայացնելով Ամիրյան փողոցի պատմությունը, նշենք, որ 1860-ականներից այն կրում էր Նազարովսկայա անունը: Հայտնի է, որ Իվան Նազարովը շուրջ տասը տարի՝ 1849-59 թթ. եղել է Երևանի նահանգի նահանգապետը: Նրա ջանքերի շնորհիվ ներկայիս Ամիրյան փողոցում հիմնվել են մի քանի կրթական հաստատություններ, այդ իսկ պատճառով փողոցն անվանակոչվել էր նրա անունով՝ Նազարովսկայա:
1918-20 թթ. Առաջին հանրապետության օրոք քաղաքային իշխանությունները ձեռնամուխ եղան Երևանի բոլոր փողոցները հայեցի անվանումներով փոխելու գործընթացը: Այդ ժամանակ անվանափոխվում է նաև Նազարովսկայան, որը սկսում է կրել Քրիստափորի, ՀՅԴ-ի հիմնադիրներից մեկի՝ ազգային գործիչ Քրիստափոր Միքայելյանի անունը: Սովետական կարգերի հաստատումից հետո, 1921-ից, այս և Երևանի կենտրոնի համարյա բոլոր փողոցները արագ կերպով «բոլշևիկացվեցին»: Քրիստափորի փողոցը սկսում է կրել բաքվեցի բոլշևիկ Ամիրյանի անունը: 1991-ի անկախության վերականգնումից հետո փողոցը վերանվանվում է Վռամշապուհ արքայի անունով, սակայն կարճ ժամանակ անց անսպասելի կերպով փողոցին կրկին վերադարձվում է Ամիրյանի անունը:
Իսկ ո՞վ էր այդ հայ հանրությանը բացարձակ անհայտ անձը և ի՞նչ արժանիքների համար է այժմ մերժվում Երևանի գլխավոր փողոցներից մեկի անվանափոխումը: Արսեն Ամիրյանը, կամ ավելի ստույգ՝ Ամիրովը, ծնվել էր Բաքվում, այստեղ էլ ստացել էր նախնական կրթությունը՝ ռուսական գիմնազիայում, հետագայում էլ՝ իր ողջ կյանքն ու գործունեությունը սերտորեն կապված է եղել «ինտերնացիոնալ» Բաքվի հետ: Եղել է համոզված բոլշևիկ-գլոբալիստ, գրել է հոդվածներ մամուլում, մասնավորապես, 1-ին աշխարհամարտի հենց սկզբից իր հոդվածներով մշտապես հանդես է եկել, ըստ իր ձևակերպման՝ հայ «արատավոր և Հարավային Կովկասի համար մեծ վտանգ ներկայացնող ազգայնական գաղափարախոսության» դեմ: 1917-ից սկսած անդադար քարոզել է ռուսական հեղափոխությունը դեպի Հարավային Կովկաս տեղափոխելու գաղափարը, եղել է բոլշևիկյան կուսակցության Բաքվի կոմիտեի անդամը, ինչպես նաև՝ տարածաշրջանի բոլշևիկների առաջատար օրգան հանդիսացող ռուսալեզու «Բակինսկի ռաբոչի» թերթի գլխավոր խմբագիրը: 1918-ի սեպտեմբերին սպանվել է Բաքվի 26 կոմիսարների հետ միասին:
Հիմա ի՞նչ է ստացվում՝ բացարձակ անտեղյակությունից է այս ամենը գալիս, թե՞… Բայց փաստը մնում է փաստ՝ պարզվում է, որ մեզ մոտ բաքվեցի ապազգային բոլշևիկի անունը շատ ավելի կարևոր է, քան հայոց արքայինը:
Նկարում՝ Ամիրյան (Նազարովսկայա, Քրիստափորի, Վռամշապուհի) փողոցը 1920-ականներին»: