Այսօր դերասանուհի Անի Քոչարյանի տարեդարձն է: Տոնական օրվա կապակցությամբ դերասանուհին պատասխանել է Life.panorama.am-ի հարցերին:
–Կինը 40-ից հետո. Ձեր բնորոշմամբ և Ձեր օրինակով:
-Կարծում եմ՝ կնոջ համար 40-ից առաջ և հետո պետք է տարբերություն չլինի: Կինը բոլոր տարիքներում պետք է մնա կին: 40-ից հետո կինը ծերանո՞ւմ է, չէ, չեմ կարծում, և նույնիսկ հակառակը՝ ավելի ծաղկում է: Կինը գնալով ավելի խոհեմ է դառնում:
-Ի՞նչն է Ձեզ համար կյանքի գլխավոր արժեքը:
–Ընտանիքս:
-Որո՞նք են Ձեր կյանքի ամենակարևոր ձեռքբերումները:
-Դրանք շատ են՝ ընտանիքս, ընկերներս, հարազատներս:
-Բացթողումներ ունե՞ք:
-Ես սիրում եմ և իմ սխալները, և բացթողումները, քանի որ դրանք իմն են: Կյանքն անհետաքրքիր կլինի, եթե ամեն բան հարթ ու իդեալական լինի: Միաժամանակ, բացթողումներիս մասին չեմ հիշում, և առհասարակ, աշխատում եմ վատ բաները չհիշել և չմտապահել:
-Ճիշտ ընտրություն մասնագիտության հարցում: Ըստ Ձեզ՝ հետևել սրտին, թե գիտակցությանը:
-Ես իմ սրտին եմ հետևել և նույնն էլ խորհուրդ կտամ բոլորին: Եթե գիտակցաբար ընտրելիս, որևէ ակտուալ մասնագիտություն, բայց այն չսիրես, հաստատ դա քեզ համար պատիժ կլինի:
-Բնավորության, ո՞ր գիծն եք համարում Ձեր առավելությունը:
-Ես շատ գծեր ունեմ, որոնք առավելության շարքից են: Ինձ համար իմ բնավորության բոլոր գծերն էլ լավն են, եթե նույնիսկ դրանց շարքում կան վատ գծեր: Ես սիրում եմ իմ լավ ու վատ կողմերը, որովհետև դրանք իմն են:
–Ինչի՞ մասին եք երազում:
-Երազում եմ, որ մեր երկիրը խաղաղ լինի, որ մեր երեխաները խաղաղ երկնքի տակ ապրեն, որ մենք երբևէ չլսենք զինվորի կորստի մասին:
-Ի՞նչ եք ինքներդ Ձեզ մաղթում:
-Առողջություն և երջանկություն: Ինչպես յուրաքանչյուրն՝ ինձ ամենալավն եմ մաղթում:
-Աստծուն դիմելիս շնորհակալություններն են շատ լինելու, թե հարցերը:
-Ո՞վ եմ ես, որ հարցեր տամ նրան, դրա իրավունքը ես չունեմ: Աստծուն ես երբեք հարցեր չեմ տալիս, քանի որ նրա գործերն անքննելի են, նրա կամքին ես պարտավոր եմ ենթարկվել: Նրանից ես միայն ներողություն եմ խնդրում և շնորհակալություն հայտնում: