Թվում էր, թե հոլիվուդյան սեքս սկանդալների քննարկումն աստիճանաբար մարում է, բայց՝ ոչ։ Պամելա Անդերսոնը, ով ինքն է մանուկ հասակում սեռական բռնության զոհ դարձել, Մեգան Քելլիի TODAY շոուի ժամանակ հայտնել է, որ, թեպետ Հարվի Վայնշթեյնը «սեքսիստ խոզ» է, բայց կատարվածի մեջ կա նաև հենց աղջիկների մեղքի բաժինը։
«Հոլիվուդում բոլորը գիտեին, թե ինչն ինչոց է, այստեղ ոչ մի նորություն չկա։ Բոլորը գիտեին, որ կան որոշ պրոդյուսերներ և մենեջերներ, որոնց հետ ավելի լավ է անձամբ չհանդիպել։ Դուք գիտեք, թե ինչի մեջ ենք մտնում, երբ միայնակ գնում եք նման մարդու հյուրանոցային համար»,- նշել է Պամելան։
Դերասանուհին պատմել է, որ երբ տեղափոխվել էր Հոլիվուդ, շատ էր ստանում նման բնույթի առաջարկություններ. «Ինձ առաջարկում էին բնակարաններ, թանկարժեք մեքենաներ, միայն թե՝ ես դառնամ «համար մեկ» աղջիկը, բայց ես միամտաբար ասում էի, թե հավանաբար կա նաև «համար երկուսը», և դա ինձ հետաքրքիր չէ։ Ես չէի ուզում փող, տներ և կինոյում դերեր ստանալ այդ ճանապարհով։ Ես ռոմանտիկ եմ, և նման բաներն ինձ համար չեն»։
Անդերսոնի հայտարարությունն անմիջապես համացանցում բուռն քննարկումների և քննադատությունների տեղիք է տվել։ TMZ -ին տված հարցազրույցում դերասանուհին պարզաբանել է.
«Դուք պետք է ճիշտ հասկանաք, ես չեմ արդարացնում պրոդյուսերների կողմից կանանց նկատմամբ բռնությունը։ Ես երբեք չեմ հայտարարել, թե կանայք արժանի են նման բռնության։ Ես նշել եմ, որ կանայք իրենք պետք է հասկանան, թե ինչ են անում, պաշտպանեն իրենց՝ առնվազն սկսելով նրանից, որ ինքնապաշտպանության հմտություններ սովորեն, գազի սրվակ ունենան իրենց մոտ և չմտնեն տհաճ պատմությունների մեջ։ Մարդ ուղղակի պետք է երեսպաշտ լինի, որ անտեսի խնդիրները, որոնց մեջ կարող է հայտնվել սեփական պահվածքի պատճառով»։
news.am