Գերմանիայի իրավապահ մարմինները ստուգում են Կարո Մուրատին ու Արթուր Աբրահամին` արդյո՞ք նրանք կապ ունեն մաֆիայի հետ։ Այդ մասին հայտնում են MDR Thuringen ու Thuringer Allgemeine գերմանական պարբերականները։
Կասկածներ կան, որ Կարո Մուրատը մասնակցել է երկու հայկական խմբավորումների փոխհրաձգությանը Էրֆուրտ քաղաքում երեք տարի առաջ։ Մուրատը հերքում է դա` հայտնելով որ այդ գիշեր Բեռլինում է եղել։
«Նրա անունով գրանցված սև «Մերսեդեսը» նկատել են փոխհրաձգության վայրում գիշերը։ Իսկ տեսախցիկը փոխհրաձգության վայրում ֆիքսել է կեպկայով ու մուգ պայուսակով մարդու։ Կարո Մուրատի եղբայրը`Կոկոն, պնդում է, որ այդ մարդը հենց ինքն է եղել, ոչ թե Կարոն», – գրում է MDR Thuringen պարբերականը։
Կարո Մուրատի մենեջերը պարբերականի խմբագրություն նամակ է ուղարկել, որում պահանջել է «դադարեցնել սուտ տեղեկություններ տարածելը» ու այլևս չգրել այդ մասին։ Նա պատասխանել է հեռախոսազանգին ու կրկնել է, որ փոխհրաձգության հետ ոչ մի կապ չունի։
Ուսումնասիրվում են նաև մեկ այլ հայտնի բռնցքամարտիկի` Արթուր Աբրահամի կապերը։ 2017 թվականի ապրիլին Ռոբին Կրասնևիչի նկատմամբ Էրֆուրտում հաղթանակ տանելուց հետո, նա որոշել է հաղթանակը տոնել քաղաքի ռեստորաններից մեկում։ Մուտքի մոտ նա խոսել է եղբայրներ Գևորգի ու Արամի հետ։ Նրանք երկուսն էլ հարցաքննվում են` փոխհրաձգությանը մասնակցելու համար։ Իսկ Արամին նաև կասկածում են Իտալիայից կեղծ դրամ տեղափոխելու մեջ, նշում է MDR։
Իրավապահ մարմիները մի քանի ամսվա ընթացքում լսել են Արամ. Ա.–ի հեռախոսը, այդ հեռախոսից օգտվել է օգտատեր Ալեքսանդր Աբրահամը (Արթուրի եղբայրը, որը նույնպես բռնցքամարտիկ է)։ Նրա անվան կից նշում կա` Աբրահամների ընտանեկան բիզնեսի անունը` Abraham-Boxsport։ Գևորգի հեռախոսում նույնպես Ալեքսանդր անունով համար կա` առանց ազգանվան, սակայն նույն նշումով։
MRD Thuringen պարբերականը հարցում է ուղարկել Արթուր Աբրահամին։ Նա ու նրա փաստաբանները հրաժարվել են մեկնաբանություններից։