Life.panorama.am-ի զրուցակիցն է Երևանի պետական Կամերային թատրոնի դերասան Սենիկ Բարսեղյանը: Նրա հետ խոսել ենք թատերական կյանքի, հեռուստասերիալներում չնկարահանվելու պատճառների, որպես երգիչ ներկայանալու և այլ թեմաների շուրջ:
– Սենիկ, Ձեր տաղանդի մասին հաճախ կարելի է լսել, բայց էկրաններին Ձեզ հազվադեպ ենք տեսնում, ինչո՞ւ, չէ որ այն դերասանին էլ ավելի մեծ ճանաչում է տալիս:
– Իմ հիմնական գործունեության գրաֆիկն ինձ թույլ չի տալիս էկրաններին լինել: Ճիշտ է` երբեմն անհրաժեշտության դեպքում լինում եմ, բայց չեմ տենչում ամեն հարմար առիթի հայտնվել էկրաններին:
– Մեր երկրում դերասանները կարծես թե երկու խմբի են բաժանվում. դերասաններ, որոնք նաև սերիալներում են խաղում, և դերասաններ, որոնք մերժում են դրանք: Դուք, ո՞ր խմբում եք:
– Հարկավ, դուք ճիշտ եք: Ես մերժում եմ սերիալներում նկարահանվելու առաջարկները: Ես այն դերասանների թվին եմ պատկանում, որոնք չեն քարկոծում սերիալները, բայց նաև չեն էլ նկարահանվում դրանցում:
– Փաստորեն, բեմի և տեսախցիկի միջև տարբերությունները խի՞ստ եք դնո՞ւմ: Խոսքը, բնականաբար, արտաքին տարբերությունների և հանդիսատեսի հետ կապի մասին չէ:
– Բեմն ու տեսախցիկը արդեն տարբեր հարթություններ են: Հենց այս պատճառով էլ ես բեմում ինձ այլ կերպ եմ զգում, տեսախցիկի առջև` այլ: Իհարկե, տարբերությունն ակնհայտ է:
– Հանդիսատեսի հետ կոնտակտը դերասանի համար կարևոր հանգամանք է: Կամերային թատրոնը այս հարցում, թերևս, ամենահասանելիներից է: Բեմում կտրվո՞ւմ եք այդ պահի իրականությունից, թե հանդիսատեսի հետ կապն եք ավելի կարևորում:
– Ինչպես նշեցիք, այո, Կամերային թատրոնի բեմը, ֆորմատը և ներկայացումների դրամատուրգիան տալիս է այդ հնարավորությունը հանդիսատեսի հետ անմիջական կապի մեջ լինել, ինչը շատ կարևոր է և հաճելի: Սակայն կան ներկայացումներ, որտեղ դա բոլորովին հարկավոր չէ: Անշուշտ, ինձ համար շատ կարևոր է հանդիսատեսի հետ շփումը, եթե թույլ է տալիս ներկայացման կառուցվածքը:
– Սենիկ, երբ և ինչի՞ց եք Ձեզ գնահատված զգում: Չէ որ, այդ զգացումը ամենամեծ ուժն է` էլ ավելի լավ արդյունքների հասնելու համար:
– Միշտ առաջին գնահատականը ես եմ ինքս ինձ տալիս: Իհարկե, հանդիսատեսի ծափահարության հետ ոչինչ չեմ փոխի, սակայն յուրաքանչյուր դեպքում իմ փոքրիկ շնորհակալությունն ինքս ինձ կարող է մղել նորանոր ստեղծագործական սխրանքների:
– Գիտեմ, որ դուք նաև երգում եք, ստեղծագործում: Մտադրություն չունեք որպես երգիչ ավելի ակտիվ հանդես գալ:
– Այո, իհարկե, կա այդպիսի ճշմարտություն, որ երգում եմ և ստեղծագործում: Այս մասով ունեմ պլաններ, առաջիկա ժամանակահատվածում տեսահոլովակ նկարահանելու մտորումներ, տեսնենք, թե ինչ կստացվի:
– Ինչի՞ մասին են Ձեր ստեղծագործությունները: Կա՞ն հատուկ թեմաներ, որոնց շուրջ մուսան անընդհատ իրեն զգացնել է տալիս:
– Ես անդադար ստեղծագործում եմ. կյանքին ընդառաջ, կյանքին ընթացիկ, և էլի տարբեր մղումներով` սեր, բարություն, փիլիսոփայություն, նայած, թե ինչպես և ինչ տեսքով է հայտվում մուսան:
Ամբողջությամբ՝ life.panorama.am