Ապշեցուցիչ շրջադարձ Ջիգարխանյանի գործում
Advertisement 1000 x 90

Ապշեցուցիչ շրջադարձ Ջիգարխանյանի գործում

Արմեն Ջիգարխանյանն ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան իրականում չեն կարող ամուսնալուծված համարվել, քանի որ Արմեն Բորիսովիչն անվավեր անձնագրով է դատարան ներկայացել, Ռոսիա1 հեռուստաալիքի «Ուղիղ եթեր» հաղորդաշարի ժամանակ հայտարարել է Վիտալինայի ներկայացուցիչ Էլինա Մազուրը:

Այդ փաստաթղթի կիրառմամբ իրավաբանական  բոլոր գործողություններն անվավեր են համարվում, այդ թվում` ամուսնալուծությունը:

Ինչպես պարզաբանել է Մազուրը, Ջիգարխանյանի ներկայացուցիչները փաստաթղթերի փաթեթ են ներկայացրել ոչ թե դատական գործընթացից առաջ, այլ հետո:

Պարզվել է, որ Ջիգարխանյանը երկու անձնագիր ունի: Ինչպես պնդում է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչը, փաստաթղթերից մեկը տրվել է այն ժամանակ, երբ դերասանը հիվանդանոցում է եղել:

Հենց այդ անձնագրի հիման վրա է գրվել դատարանում Ջիգարխանյանի ներկայացուցիչների անունով լիազորագիրը: Մազուրը պնդում է նաև, որ հետագա բոլոր փաստաթղթերը ձևակերպվել են հին անձնագրի հիման վրա, որը հոկտեմբերի 13-ին Վիտալինան փոխանցել էր ամուսնուն բուժող բժշկի միջոցով:

Վիտալինայի կողմը դիմել է դատախազություն` պարզելու համար, թե երկու անձնագրերից որն է անվավեր:

Վիտալինան ամեն դեպքում չի պատրաստվում բողոքարկել ամուսնալուծության մասին որոշումը: Նա ուզում է պարզել` արդյո՞ք դերասանը խարդախության զոհ չի դարձել:

Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը պնդում է, որ նոր անձնագիրն իր հաճախորդը ստացել է օրինական հիմունքներով:

Մի քանի շաբաթ շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ երեկ` նոյեմբերի 27-ին, Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։

armeniasputnik.am