Փարիզյան ելույթի ժամանակ Թուրքիայի նախկին դեսպան Հաքքը Աքիլի վրա նռան հյութ լցրած ֆրանսահայ ուսանողներին Ֆրանսիայի դատարանը պայմանական ազատազրկման է դատապարտել։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
Փարիզի Դեկարտ համալսարանում թուրք դեսպանի վրա հարձակված հայ ուսանողին ֆրանսիական արդարադատությունը դատապարտել է 3, իսկ հարձակման տեսագրությունը սոցցանցերում հրապարակած նրա ընկերոջը` 1 ամսվա պայմանական ազատազրկման:
Սահմանված ժամկետներում օրինակելի վարք դրսևորելու դեպքում հայազգի ուսանողները կազատվեն պատիժն ազատազրկման վայրում կրելուց։
Հիշեցնենք` դեպքը տեղի էր ունեցել 2015թ. մարտին Փարիզի Դեկարտ համալսարանի իրավագիտության ֆակուլտետում կազմակերպված գիտաժողովի ժամանակ։ Թուրք դեսպանի ելույթի ժամանակ ամբիոնին մոտեցած երիտասարդ ուսանողը ձեռքում պահած շշից կարմիր հեղուկ էր լցրել դեսպանի վրա։
Ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր, որ դեսպանի նկատմամբ նման արարք իրականացրած և տեսագրած երիտասարդները ազգությամբ հայ են, Ֆրանսիայի քաղաքացիներ, իսկ հեղուկն էլ նռան հյութ է։