Նրա ներկայությունը դահլիճում ինձ համար կենսագրություն էր. Ջեմմա Ադամյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Նրա ներկայությունը դահլիճում ինձ համար կենսագրություն էր. Ջեմմա Ադամյան. life.panorama.am

Life.panorama.am-ը զրուցել է «Ամուսնացածների լիգա»-ից հայտնի դերասանուհի Ջեմմա Ադամյանի հետ:

Սիթքոմն արդեն ավարտված է, այստեղ Ջեմման իր առաջին քայլերն էր անում հեռուստանախագծում, քանի որ մինչ այդ միայն թատրոնում էր աշխատել: Խոսելով սիթքոմում իր կատարած աշխատանքներից և արձագանքներից` դերասանուհին նշեց. ««Ամուսնացածների լիգա»-ում կատարածս աշխատանքը մի շատ հետաքրքիր շրջան էր ինձ համար: Այստեղ ինձ բացահայտեցի այլ կողմից, կարելի է ասել, ինքս ինձ տեսա կողքից, որը հնարավորություն չեմ ունենում թատրոնում: Ինչ վերաբերվում է արձագանքներին, դրանք հիմնականում ոգևորող էին, եղել են նույնիսկ դեպքեր, որ իմ շրջապատի մարդիկ նայել են այդ նախագիծը, բայց չեն ճանաչել ինձ. այդ աստիճանի տաբեր էինք ես ու Մաշան: Ի ուրախություն ինձ` վատ կարծիքներ դեռ չեմ լսել: «Ամուսմացածների լիգա»-ն ունեցավ իր հեռուստադիտողը: Շատ նամակներ եմ ստացել` հարցումով, թե ինչու ավարտվեց, կլինի՞ արդյոք 2րդ եթերաշրջան»:

Ջեմման պատմեց, որ առաջին փորձից հետո սիրել է տեսախցիկի հետ աշխատանքը: «Այո, տեսախցիկի հետ ընկերացա: Նոր առաջարկներ չունեմ, բայց տեսախցիկին կարոտել եմ. հետաքրքիր առաջարկի դեպքում կարձագանքեմ»,- նկատեց նա:

Օրերս Գյումրու պետական դրամատիկական թատրոնում, ուր աշխատում է Ջեմմա Ադամյանը, կայացավ «Երկնագույն շան աչքերը» ներկայացման փակ դիտումը, որին ներկա էին ՀՀ Մշակույթի նախարարն ու հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Ջեմման ներկայացման հերոսուհին է: Խոսելով իր համար այդ կարևոր աշխատանքից`դերասանուհին նշեց.

«Ներկայացումից հետո պատիվ ունեցա հանդիպել մեր լեգենդին` Տ. Մանսուրյանին, և խոսել նրա հետ ներկայացումից: Նա շատ էր հավանել մեր աշխատանքը, նկատել էր շատ նյուանսային ժեստեր, որն ինձ շատ շոյեց։ Կարող եմ ասել, որ նրա ներկայությունը դահլիճում ինձ համար կենսագրություն էր»:

Անդրադառնալով ներկայացման բովանդակությանը` դերասանուհին պատմեց. ««Երկնագույն շան աչքերը» շատ երկար պատմություն ունի: Այն բեմադրվել է 4 տարի առաջ` ուսանողական թատրոնում, ռեժիսորը Արսեն Միքայելյանն էի (հիմա թատրոնի դերասան, ով այս պահին ծառայում է բանակում)։Ներկայացումը որոշվեց վերաբեմադրվել, բայց, քանի որ փոխվեց ռեժիսորը, փոխվեց  նաև դերասանական կազմը։Դժվար է ասել, որ վերաբեմադրվեց, քանի որ ծնվեց նոր ներկայացում, բայց չհեռացանք հին տարբերակից. բեմականացումը, նկարչական և երաժշտական ձևավորումը մնաց Արսեն Միքաելյանինը, իսկ ռեժիսորը երիտասարդ բեմադրիչ Ռաֆայել Ասատրյանն է։ Ներկայացումը խաղում ենք երկուսով` իրար հաջորդելով։Գործի մեջ կա 2 կերպար` աղջիկը և տղան։ Գործողությունները կատարվում են երազում։Նրանք 3 տարի ամեն օր հանդիպում են երազում, բայց չեն կարողանում իրական կյանքում հանդիպել, և եթե հանկարծ հպվեն, դիպչեն իրար, կարթնանան և այլևս չեն հանդիպի։Ներկայացումը երազի, երազանքի, երազելու մասին է: Պետք է հավատանք, որ կկատարվի մեր երազը, պետք է ձգտենք, որ հասնենք դրան»:

Դերասանուհին հավելեց նաև, որ հիմա Գյումրու դրամատիկական թատրոնում ակտիվ շրջան է.  «Այժմ իրար հետևից պատրաստվում ենք պրեմիերաների։Հիմա ամանորյա մանկական ներկայացման վրա ենք աշխատում: Այս տարի ներկայացնելու ենք հայտնի «Երեք խոզուկները» հետաքրքիր գունեղ մուլտիպլիկացիոն երաժշտական ներկայացումը, որը կխաղանք դեկտեմբերի 20-ից` 10 օր անընդմեջ, օրական երեք սեանսով։Մեր թատրոնը նաև անդրադառնալու է ապրիլյան քառօրյա պատերազմի թեմային, սեղանի շուրջ աշխատանքը արդեն սկսել ենք և ռեժիսորը Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն է»,- նկատեց նա:

Ի դեպ` Ջեմմա Ադամյանը վերջին շրջանում Գյումրիում նաև որպես ուսուցչուհի է աշխատում: «Հիմա ինձ փորձում եմ որպես ուսուցչուհի: Այստեղ ունեմ թատերական խմբակ և աշխատում եմ փոքրիկների հետ: Դեռ մեկ ամիս է, ինչ ընկեր Ջեմմա կարգավիճակում եմ, բայց հասցրել եմ կապվել ու սիրել սաներիս։Շատ հետաքրքիր է աշխատել երեխաների հետ, նրանք չունեն բարդույթներ, բաց են ընդունելու ցանկացած ինֆորմացիա, ազատ են  և էներգիայով լի: Իսկ ես դասերի ժամանակ  լիցքաթափվում եմ»,- ավարտեց մեր զրուցակիցը:

life.panorama.am



Նման նյութեր