Գոշը՝ Մարտ Բաբայանի երգի cover տարբերակի ու առաջիկա ծրագրերի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Գոշը՝ Մարտ Բաբայանի երգի cover տարբերակի ու առաջիկա ծրագրերի մասին. life.panorama.am

Երիտասարդ երգիչ Գոշն օրերս ներկայացրեց իր հերթական cover-ը՝ Մարտ Բաբայանի «Выходи за меня» երգի հիման վրա: Սա Գոշի կատարմամբ առաջին cover երգը չէր: Մինչ այս նա հանդես է եկել Սամ Սմիթի, Բրունո Մարսի, Ջոն Լեջենդի և համաշխարհային այլ կատարողների երգերով: Բայց այս անգամ, նախընտրությունը տալով հայ երգչին և նրա երգին, Life.panorama.am-ի հետ զրույցում Գոշը նշում է` թե՛ որպես մարդ, և թե՛ որպես անհատ կատարող բավական բարձր է գնահատում Մարտ Բաբայանին.

«Կատարելով այս կամ այն հայտնի երգի cover-ը՝ փորձում եմ ինչ-որ կերպ բավարարել ինձ հետևողների, երկրպագողների ցանկությունները, քանի որ գրեթե ամեն օր բազմաթիվ հաղորդագրություններ եմ ստանում, ըստ որոնց՝ նրանք սպասում են իմ նոր աշխատանքին: Իսկ քանի որ գրեթե անհնար է, և այդքան էլ ճիշտ չեմ համարում հաճախակի նկարահանել նոր տեսահոլովակներ և ներկայացնել նոր ստեղծագործություններ, օգնության են հասնում հենց cover-երը»,- նշեց Գոշը և խոսեց «Выходи за меня» երգին նախընտրությունը տալու մասին.

««Выходи за меня» երգը սիրո մասին է, իսկ իմ կարծիքով` սիրո մասին երգը, այն էլ այդքան գեղեցիկ և հուզիչ, չի կարող անտարբեր թողնել և ոչ մեկին: Ճիշտ է` վաղուց չեմ ճանաչում Մարտին, բայց ինչքան որ հասցրել եմ շփվել նրա հետ, միմիայն լավ տպավորություններ եմ ստացել: Նա ինձ համար պարզապես հրաշալի անձնավորություն է, ինչպես նաև նրա երգացանկն ինձ համար արդեն բավական սիրելի է դարձել: Հենց այդ պատճառով էլ որոշեցի, որ իմ հաջորդ cover-ը լինելու է հենց նրա երգի հիման վրա, որը կատարելն ինձ համար իսկապես մեծ պատիվ է»,- անկեղծացավ Գոշը:

Ի պատասխան Գոշի այս քայլին՝ Մարտ Բաբայանի պատասխանն իրեն ուշացնել չի տվել: Վերջինս իր հերթին գովասանքի խոսքեր է գրել անձնական միկրոբլոգում, ինչպես նաև կատակել իր և Գոշի պրոդյուսերի՝ Սոֆյա Ղուլյանի մասին.

«Զգում եմ, որ Սոֆյան որոշել է, որ մենք պետք է փոխանակվենք մեր երգացանկով: Ինձ ընդհանրապես «ստիպել է» է նիհարել և պարել, իսկ քեզ, ենթադրում եմ, հանձնարարել է սովորել Արցախի բարբառը և կիլոգրամներ հավաքել»,- իր միկրոբլոգում գրել է Մարտ Բաբայանը:

Այսքանով, սակայն, Գոշի ստեղծագործական նորությունները չեն վերջանում:

Ընդամենն օրեր անց նա կներկայացնի իր՝ թվով 2-րդ տեսահոլովակը՝ նկարահանված «Կինն ու գինին» երգի հիման վրա, որի հեղինակներն են Ռիչարդ Մադլենյանը և Գրիգոր Կոկչյանը, տեսահոլովակը նկարահանել է Ժոր Մելոյանը:

Այս ամենից զատ, այս շրջանում Գոշն իրեն փորձում է նաև դերասանական ոլորտում: «Ոսկե դպրոց», «Ֆուլ Հաուս»` ահա այն սիթքոմները, որոնցում որպես դերասան հանդես է գալիս տաղանդավոր երգիչը: Ի դեպ՝ «Ֆուլ Հաուս»-ում նա ներկայանում է հենց իր անվամբ:

Ի դեպ` գեղեցիկ արտաքինով և տաղանդով աչքի ընկնող երիտասարդի մոտ երաժշտության հանդեպ սերը եղել է դեռ մանկուց, բայց երգարվեստում նա իր լուրջ գործունեությունը սկսել է ծավալել 2017թ-ն, ինչից հետո, իր խոսքով, այն դարձել է նրա կյանքի մի մասնիկը: Գոշի առաջին անհատական երգը կոչվում է «Իմն ես», որի հիման վրա նկարահանած տեսահոլովակը նա ներկայացրեց ամիսներ առաջ՝ դրանով սկիզբ դնելով իր գործունեության նոր փուլին:

life.panorama.am



Նման նյութեր