Այսօրվա դրությամբ Հայաստանի թմրամոլության ծառայությունում թմրանյութեր օգտագործող 5828 մարդ է գրանցված: Սակայն 2011 թվականին իրականացված հետազոտության տվյալների հիման վրա կատարված հաշվարկներով՝ Հայաստանում թմրակախվածություն ունեցող մոտ 30 հազար մարդ կա, սակայն նրանց մեծ մասը չի հայտնվել Առողջապահության նախարարության կամ իրավապահ մարմինների տեսադաշտում: Այս մասին լրագրողներին ասել է Առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը:
Նրա խոսքով՝ թմրակախվածություն ունեցող հիվանդների մեծ մասն օգտագործում է կանեփի հիմքով թմրանյութեր: Գրանցված մարդկանցից գրեթե 1000 մարդ «բենզին» է օգտագործել (այն հայտնի է նաև «կոկորդիլոս» անվամբ. այս թմրամիջոցը պատարաստելու համար այլ բաղադրամասերից բացի, օգտագործվում է բենզին):
Թմրակախվածությամբ տառապող հայերի միջին տարիքը 25-45 տարեկան է: Գրանցված 5828 հիվանդներից միայն 88-ն է կին:
Նշենք, որ անցյալ տարի Հայաստանում կար 5357 գրանցված թմրակախվածություն ունեցող հիվանդ, այսինքն՝ մեկ տարում նրանց թիվն ավելացել է 9 տոկոսով: Պետրոս Սեմերջյանի խոսքով՝ թմրանյութեր օգտագործող մարդկանց թիվը այսօր ամբողջ աշխարհում է աճում (միայն Շվեդիան է վերջերս հայտարարել, որ կարողացել է կանգնեցնել թմրամոլների թվի աճը):
Հետաքրքիր է, որ հարևան Վրաստանում, հաշվարկային տվյալների համաձայն, մոտ 400 հազար մարդ է թմրանյութ օգտագործում: Ինչպես նշել է գլխավոր նարկոլոգը, որոշ փորձագետներ այդ թվերին չեն հավատում և պնդում են, որ Վրաստանում այդ մարդկանց թիվն ուռճացնում են, իսկ Հայաստանում նվազեցնում են:
NEWS.am Medicine