Ամերիկյան Սան Դիեգոյի բնակչուհի Դայան Թագվորյանը, որը Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է, ամերիկյան KPBS հեռուստաալիքի և Կոնֆլիկտների լուծման ազգային կենտրոնի (NCRC) որոշմամբ ճանաչվել է «Համայնքի հերոս»:
Ինչպես նշում է kpbs.org-ը, հայուհու ղեկավարած Environmental Health Coalition կազմակերպությունը, որը հիմնվել է 1980թ., զբաղվում է բնապահպանական ու սոցիալական արդարության խնդիրների լուծմամբ:
Թագվորյանի խոսքով՝ կազմակերպությունն առաջնորդվում է այն գաղափարով, որ յուրաքանչյուր մարդ արժանի է ապրել, աշխատել ապահով, անվտանգ միջավայրում:
«Եկավ մի պահ, երբ գիտակցեցի, որ բազմաթիվ խտրականությունների թվում կա նաև բնապահպանականը: Այն համայնքներում, որտեղ ապրում էին ցածր եկամուտ ունեցողները, բնական միջավայրի աղտոտվածության մակարդակը շատ բարձր էր, ու ստեղծված իրավիճակի համար լուծումներ չկային: Մենք փորձեցինք խնդրի մասին բարձրաձայնել իշխանություններին, բայց պատասխանը չբավարարեց մեզ: Դա դեռ սկիզբն էր: Այժմ անցել է մի քանի տասնամյակ, ու մեր կազմակերպությունը բազում հաղթանակներ է ունեցել»,-ասել է հայուհին:
Աղբյուրը նշում է, որ Թագվորյանի ձեռքբերումները գրավել են բազմաթիվ ազդեցիկ անձանց՝ այդ թվում նաև ԱՄՆ նախկին ղեկավար Բարաք Օբամայի ուշադրությունը, ինչի շնորհիվ նրան վստահվել են նշանակալի նախագծեր, պատասխանատու պաշտոններ, բացի այդ, նա արժանացել է մի շարք մրցանակների:
«Մեծանալուն զուգահեռ սկսեցի նկատել՝ ինչ է կատարվում իմ համայնքի մյուս բնակիչների հետ: Իմ պատմությունը, տատիս, պապիս պատմությունն ինձ համար շարժառիթ դարձան տառապող մարդկանց անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հարցում օգնելու համար»,-ասել է նա: