Ամերիկաբնակ հայ դաշնակահարուհի Աննա Սարկիսովան և իսպանացի երաժիշտ, հոլիվուդյան մի շարք ֆիլմերի սաունդթրեքերի հեղինակ Անտոնիո Սոլարն արդեն մեկուկես տարի է՝ կապված են ամուսնական թելերով, օրերս էլ ծնողներ են դարձել: BRAVO.am-ին Աննան տեղեկացրել է, որ ամուսնուն դուստր է պարգևել: Նորածնին զույգը Սիբիլլա անունն է տվել:
«Անվան ընտրությունը երկուսինս է: Դեռ հղի էլ չէի, երբ միասին ֆիլմ էինք դիտում, որի գլխավոր հերոսուհու անունը Սիբիլլա էր, այդ ժամանակ որոշեցինք՝ երբ աղջիկ ունենանք, այդպես ենք անվանակոչելու»,- պատմել է նա:
Աննան նշել է, որ հղիության մասին իմացել է իր տարեդարձի օրը.«Դա իմ կյանքի ամենամեծ նվերն էր, որ կարող էի ինքս ինձ նվիրել: Ամուսնուցս երկար թաքցնել չէի կարող, նույն օրն էլ հայտնեցի: Նա էլ անսահման երջանիկ էր: Երկուսս էլ լիովին պատրաստ էինք ծնող դառնալուն»: Դաշնակահարուհին հղիության ամբողջ ընթացքում աշխատել է.«Երջանիկ ու գերզբաղված ամիսներ եմ ունեցել: Անընդհատ շրջագայել եմ, նոր համերգների, ծրագրերի մասնակցել, շարունակել եմ դասավանդել: Մի պահ անգամ չեմ կտրվել իմ սիրելի աշխատանքից: Հաճախակի փորձերն ու համերգները, հակառակը, օգտակար էին երեխայիս համար: Ասում են՝ հղիության ընթացքում դասական երաժշտություն լսելը օգնում է երեխայի ուղեղի զարգացմանը: Ես այնքան էի պարապում, որ մեկ-մեկ թվում էր՝ երեխաս հոգնել է այդ ձայներից:)»:
Առաջիկայում էլ Աննան համերգային մի շարք ծրագրեր ունի.«Եկող տարի արդեն կավարտեմ գիտական թեզս: Կշարունակեմ դասավանդել ու ելույթ ունենալ: Եթե ամեն բան կարգին լինի, համերգներով կշրջագայեմ Եվրոպայում»,-եզրափակել է նա: BRAVO.am-ը առողջ ու անհոգ մանկություն է մաղթում Սիբիլլային ու աշխարհի բոլոր փոքրիկներին: