Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ռուս գեղասահորդ Իրինա Սլուցկայան վարպետության դաս անցկացրեց Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Սլուցկայան 50 պատանիների հետ մարզվեց, նրանց փոխանցեց մասնագիտական գաղտնիքներ ու սովորեցրեց նոր շարժումներ.
«Երկար ժամանակ չէ, որ երեխաները սահում են: Բայց արդյունքներն արդեն երեւում են: Մի քանի երեխաներ ինձ զարմացրին: Բոլորը փորձում էին, մի մասի մոտ ստացվեց, մյուսների մոտ՝ ոչ: Նրանց ասացի՝ ինչպես ավելի ճիշտ կարող են կատարել շարժումները: Բավականին երիտասարդ եւ հեռանկարային մարզիչներ են աշխատում: Դա հիանալի է, այնպես որ լավ արդյունքներ եմ սպասում»,- ասաց Իրինա Սլուցկայան:
Ռուս գեղասահորդը Հայաստանում է «Կալիբրի» ընկերության հրավերով: «Կալիբրին» պատրաստում է գեղասահքի առաջին հայկական շոու-ծրագիրը, որի գլխավոր հերոսներից է Իրինա Սլուցկայան.
«Ախթամար» , այսպես է կոչվում շոու-ծրագիրը, որի պրեմիերան կլինի հաջորդ տարի նոյեմբերին: Հատուկ Իրինայի համար սցենարական փոփոխություններ ենք կատարել: Ավելացրել ենք Անահիտ աստվածուհու կերպարը: Իրինան մեծ պրոֆեսիոնալ է, դրական մարդ եւ լավ մայր: Նա սիրով համաձայնել է մասնակցել: Ծրագրում ընդգրկված են լավագույն գեղասահորդներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ Հայաստանից: Շատերի անուններն անակնկալ կլինի: Այս ամենն անում ենք պրոդյուսեր Արի Զաքարյանի հետ համատեղ»,- ասաց «Կալիբրիի» հիմնադիր Զառա Մխեյանը:
Նա նշեց, որ ծրագրի շրջանակներում շոուի մասնակիցները յուրաքանչյուր ամիս վարպետության դաս կունենան մարզադպրոցում: Նպատակն է՝ նպաստել Հայաստանում գեղասահքի զարգացմանը:
armsport.am