Պարզվում է՝ կարելի է սովորել դառնալ երջանիկ: Եվ պետք է հիշել, որ երջանկությունն ու հաջողությունը տարբեր բաներ են, և մեկը մյուսի հետ կապ չունի, քանի որ հաջողությունն արտաքին վիճակ է, իսկ երջանկությունը՝ ներքին: Իսկ ի՞նչ է պետք անել դրա համար: Ստորև ներկայացնենք 20 գործնական խորհուրդներ, որոնք քեզ կօգնեն երջանիկ դարձնել ինքդ քեզ:
- Ուսումնասիրիր, ճանաչիր ինքդ քեզ:
Աշխարհի ամենահետաքրքիր զբաղմունքներից ու ճանաչողություններից մեկն ինքդ քեզ իմանալն է. Իմանալ, թե ինչն է հարուցում քո ժպիտը, և ինչն է վշտացնում, սեփական պահանջմունքներդ իմանալն ու հարգելը, որպեսզի հետագայում բավարարես դրանք ու արդյունքում՝ երջանիկ լինես: Բայց սկզբի համար պետք է ճշգրիտ որոշեք, թե որոնք են այդ արժեքները: Զբաղվեք դրանով:
- Հոգ տարեք ձեր մասին:
Շատերին չի հերիքում ամենապարզ ու կարևոր մի բան. իր անձի հանդեպ հոգատարությունը: Ընդ որում, խոսքը ոչ միայն ու ոչ այնքան՝ շրջապատի կողմից, որքան հենց մարդու՝ ինքն իր հանդեպ դրսևորած հոգատարության բացակայության մասին է: Մենք սիրում ենք հոգատար լինել ուրիշների հանդեպ՝ հաճախ սպասելով գնահատանքի ու շնորհակալության: Մեզ զրկելով շատ բաներից, հաճախ զոհաբերելով սեփական հարմարավետությունը՝ ամեն ինչ անում ենք, որ ուրիշները գոհ լինեն ու գնահատեն այդ զոհողությունները: Սակայն շատ հաճախ մեզ խորը հիասթափություն է սպասվում. Շնորհակալության փոխարեն՝ մեզ ոչ համարժեք վերաբերմունք է սպասվում: Ինչո՞ւ: Շատ պարզ. Ոչ ոք չի հարգում ու գնահատում նրան, ով ինքն իրեն չի հարգում ու գնահատում: Մտածեք ձեր սեփական հարմարավետության մասին: Դա ճիշտ ինքնաթիռի դեպքի նման է: Երեխային կամ հարազատիդ թթվածնային դիմակը դնելուց առաջ՝ դիր քո դեմքին, այլապես ոչ ոքի չես կարող օգնել: Եթե դու ինքդ երջանիկ չլինես, դժվար թե կարողանաս ուրիշներին երջանիկ դարձնել:
- Գտեք կառուցողական հատիկն այն ամենի մեջ, ինչ ձեզ հետ տեղի է ունենում:
Մեր ամբողջ կյանքը մի մեծ դաս է, երբ սովորելուց հետո պարտադիր պետք է քննություն հանձնես: Դրան մոտենալով կառուցողականորեն՝ դուք կգտնեք օպտիմալ որոշումներ, ընդ որում, շատ ավելի արագ: Կարելի է զուգահեռ անցկացնել այն նավի հետ, որի անձնակազմը փոթորկի ժամանակ վախեցած դեսուդեն է նետվում՝ փոխանակ նավի կառավարումը ձեռքի վերցնի ու հարվածն ընդունի փոքրաթիվ կորուստներով: Եվ այստեղ խոսքը ոչ թե պոզիտիվի մասին է, այլ առողջ բանականության: Երջանիկ լինելու համար սկզբում վատ չի լինի ձեր ուշադրությունը կենտրոնացնել ձեզ և իրավիճակը հանգուցալուծելու համար շահավետ բաների վրա: Կառուցողական մոտեցումն օգնում է դառնալ սեփական կյանքի ոչ թե կործանողը, այլ արարիչը: Հենց կառուցողական մոտեցում ունեցող մարդն է կարողանում ներել վիրավորանքը, չզղջալ կյանքում ոչ մի բանի համար, իսկ յուրաքանչյուր պրոբլեմի նայել՝ որպես խնդրի, որն իր մեջ միշտ լուծում է պարունակում:
- Կերտեք ձեր հաջողությունը:
Այո, հաջողությունը կարելի է կերտել: Յուրաքանչյուրի մոտ այն տարբեր չափի է լինում, և թեկուզ ձեր հաջողությունը ձեզ շատ չնչին ու փոքր թվա, հոգ չէ, դուք կարող եք այն աճեցնել ու ամրացնել: Ընդամենը պետք է ձեր ուշադրությունը բևեռեք ձեր կյանքում պատահող յուրաքանչյուր, անգամ ամենափոքր հաջողության վրա, ոգևորվեք դրանով ու ձգտեք այն զարգացնել: Մեր աշխարհում գործում է հետևյալ պարզ օրենքը. Զարգանում է այն, ինչին ուշադրություն ես դարձնում:: Հիշեք, թե որքան է եղել, երբ ամենաչնչին անհաջողություններին հսկայական կարևորություն եք տվել, ուղղել ձեր էներգիան դրա վրա, ու արդյունքում՝ այն ձնագնդու պես մեծացել է: Փորձեք նույնքան ուշադիր լինել ու կարևորել ամենափոքր հաջողությունն անգամ, և արդյունքը նույնը կլինի:
- Ստեղծեք ցանկալի ապագայի ձեր տարբերակը:
Մեզնից շատերը, մտածելով ապագայի մասին, այն շատ սովորական, անհետաքրքիր մի բան են պատկերացնում: Միևնույն ժամանակ, եթե իրենց երջանկության ու կյանքում հաջողակ լինելու մասին բաց խոսող մարդկանց հարցնես, թե ինչպիսին են նրանք ժամանակին պատկերացրել իրենց ապագան, կպարզվի, որ, երբ նրանք մտածել են ապագայի մասին, տեսել են լավագույն, պայծառ տարբերակները, և իրենց էլ՝ հիանալի ապագայի էպիկենտրոնում: Եվ դա ճիշտ որոշում էր, անշուշտ, քանի որ այդպես նրանք իրենց ենթագիտակցությանը ճիշտ հրահանգ են տվել, ինչն էլ նրանց փոքր քայլերով բերել է դեպի մեծ հաջողություն: Մի ծուլացեք և օգնեք ձեր ենթագիտակցությանը, որպեսզի այն հետագայում ձեզ օգնի:
- Ավելացրեք ձեր շարժողականությունը, լցվեք էներգիայով:
Երբ մենք շատ էներգիա ենք ոնենում, մեր մարմինն ուժով է լցվում, իսկ ուղեղը՝ ցանկությունների մեծ քանակով: Մեր ներքին ձայնը մեզ կարծես ասում է, որ մենք ամեն ինչ կարող ենք անել: Օրգանիզմում էներգիայի մակարդակը բարձրացնելու տարբեր եղանակներ կան՝ մեդիտացիա, սպորտ, ճիշտ սննդակարգ, շրջապատի աուդիտ՝ վատ աուրայով մարդկանց հեռացման հեռանկարով, հետաքրքիր գործունեություն, բարեգործություն և այլն: Բացի դրանից, վերոնշյալ գործողություններն ինքնին մարդկանց երջանկացնելու գործիքներ են:
- Կարողացեք դանդաղել երբեմն:
Այժմ մարդկանց շատ դժվար է գոհացնել ու բավարարել: Մենք փորձում ենք արագ կլանել գիտելիքներ, մի բանից արագ մյուսին ենք անցնում, անընդհատ շտապում ու շտապում: Հնարավոր չէ երջանիկ լինել, եթե ի վիճակի չես կանգ առնել ու վայելել արևի մայր մտնելը, համեղ կերակուրը կամ, ասենք, նոր հնձած խոտի բույրը: Սովորեք տարբերակել: Աշխատավայրում դուք արագ եք, իսկ տանը, ընկերների հետ կամ բնության գրկում՝ դանդաղ: Արդյունավետությունն ու արագությունը թողեք աշխատավայրում: Արեք դա գիտակցաբար:
- Ձեզ համեմատեք հենց ձեզ հետ և փոխվեք:
Հետևեք այն բանին, թե երեկվա համեմատությամբ ինչ լավ բան եք արել այսօր, և, վերջիվերջո, դադարեք նախանձել: Հաճույք ստացեք ձեր անձնական փոփոխություններից: Սովորեցրեք ձեզ գոնե մի բանում ավելի լավը դառնալ՝ աշխատանքն արագ ավարտել, 500 մետր ավելի վազել, 10 րոպե շուտ արթնանալ, չվիճել նրանց հետ, ում հետ միշտ վիճում եք, մի քիչ ավելի առողջ սնվել: Մի ընկեք ցնցող արդյունքների հետևից, աստիճանաբար, բայց վստահ առաջ գնացեք: Չի կարելի երջանիկ լինել, եթե ծուլանում ես անգամ փոքրիկ հաղթանակներ տանել, որոնցից էլ հենց կազմված է առաջընթացը:
- Ֆիքսեք ձեր առաջընթացը:
Մի ծուլացեք շաբաթվա մեջ 10 րոպե հատկացնել նրա արդյունքներն ի մի բերելու համար՝ շեշտը դնելով այն բանի վրա, որ դուք ինչ-որ բանում առաջընթաց եք գրանցել: Ցանկացած առաջխաղացում պետք է գրանցվի ու դրա մասին խոսվի: Երբ հպարտանալու բան ունեք, մի ամաչեք դրա մասին բարձրաձայն արտահայտվել: Սա մեր ուղեղի համար շատ կարևոր գործընթաց է, որը սովորեցնում է սերոտոնին արտադրել լավագույն արդյունք կամ ձեռքբերում ունենալիս՝ դրանով իսկ իր տիրոջը մոտիվացնելով էլ ավելի լավը դառնալ:
- Ձեզ համար ստեղծեք լավագույն շրջապատը:
Յուրաքանչյուր մարդ կենսական ռազմավարությունների քայլող հավաքածու է: Եվ այնպես է ստացվել, որ մենք ուղղակիորեն կախված ենք մեզ շրջապատող մարդկանց ռազմավարություններից: Գործնականում հնարավոր չէ հաջողակ դառնալ՝ շրջապատված լինելով անհաջողակներով: Դժվար է խելացի լինել, երբ շրջապատված ես հիմարներով: Կարող եք մոռանալ երջանկության մասին, երբ շրջապատված եք քրոնիկ նվնվացողներով ու մազոխիստներով: Շրջապատը կարելի է ստեղծել և դա անել գիտակցված: Դրա համար պետք է կանոնավոր կերպով աուդիտ անցկացնել նրանց շրջանում, ում հետ շփվում եք: Երբ հայտնաբերեք քրոնիկ անհաջողակ կամ պարզապես թունավոր մարդկանց, նախ ձեզ հարց տվեք, թե ինչու եք ընդհանրապես շփվում նրանց հետ. որ չձանձրանա՞ք, որ նրանց գնահատանքին արժանանաք կամ ձեզ նախանձե՞ն, թե՞ պարզապես չեք կարող մարդկանց ձեզնից հեռացնել: Հնարավոր է, սակայն, այնուամենայնիվ, հիշեք, որ պետք է ազատվել ձեզ միայն վնաս պատճառող մարդկանցից: Դրա հետ միաժամանակ՝ ծանոթացեք ու շփվեք նոր, հաջողակ մարդկանց հետ: Իհարկե, խոսքը մտերմագույն մարդկանց հեռացնելու մասին չէ: Չէ՞ որ, եթե նրանք այդքան մտերիմ են, նշանակում է՝ նրանք արդեն իսկ հանդիսանում են լավագույն աջակցությունը ձեզ համար:
- Մարդկանց օգտակար եղեք:
Մենք այս կյանք ենք եկել մարդկանց մեջ ապրելու համար, և լավագույն կամ վատագույն բաները, որ մեզ հետ պատահում են, գալիս են մարդկանցից: Հնարավորություններ, ռեսուրսներ, գիտելիքներ, փող, դրական էմոցիաներ. Այս ամենը մեզ հասնում է ուրիշներից, և մեզնից յուրաքանչյուրի առաքելություններից մեկն էլ այլ մարդկանց ինչ-որ բանով օգտակար լինելն է: Երբ դուք գտնում եք այն, ինչով իրականում կարող եք ուրիշներին օգտակար լինել, դուք մեծ քանակությամբ դրական էներգիա եք ստանում: Հենց այդ պատճառով էլ մարդու կյանքի ամենաերջանիկ պահերից է՝ գտնել այն գործունեությունը, որն ինչ-որ կերպ կյանքն ավելի լավն է դարձնում:
- Մտերիմների հետ շատ ժամանակ անցկացրեք:
Ամերիկացի գիտնականների կողմից անցկացված անկախ հետազոտությունների արդյունքներով հաստատվել է, որ մարդիկ, ովքեր գիտակցաբար ժամանակ են հատկացնում մտերիմ մարդկանց, իրենց կյանքի վերջում ավելի երջանիկ էին, քան նրանք, ովքեր դա չեն արել: Շատ զբաղված ու հաջողակ մարդիկ սխալ են գործում, երբ համարում են, որ մտերիմների հետ շփումը ժամանակի անտեղի վատնում է, ինչի համար հետագայում շատ են զղջում: Երբ մենք մեր փորձով ու էմոցիաներով կիսվում ենք մտերիմ մարդկանց հետ, կյանքն ավելի վառ գույներ է ստանում: Ընդ որում, այդքան էլ էական չէ միայն դրական բաների մասին խոսելը, որքան հենց գործընթացը: Իմաստ չունի բողոքել այն բանից, որ կապ չունեք ձեր մտերիների հետ, եթե ինքներդ կոնտակտի չեք գնում նրանց հետ: Անպայման կապ պահեք ձեր մտերիմների ու հարազատների հետ: Դա շատ կարևոր է:
- Փոխեք ձեր վերաբերմունքը վիրավորված լինելու զգացողության վերաբերյալ:
Վիրավորանքներն էներգետիկ սև անցքեր են: Նեղանալ սիրողներն աշխարհի էներգետիկորեն ամենաքայքայված մարդիկ են: Եթե ձեր մտքի խառնարանում ծնվում են միայն այնպիսի մտքեր, թե ով ձեզ ինչ ասաց կամ արեց, ինչ նկատի ուներ, ինչ պատասխանեմ, ապա շնորհավորում եմ. Ձեր ողջ էներգիան հօդս է ցնդում: Դա այն էներգիան է, որը մեզ հարկավոր էր ողջ օրվա ընթացքում երջանիկ լինելու համար: Ի՞նչ անել: Վիրավորանքներին վերաբերվեք՝ որպես նշագրիչի, ով ձեզ ցույց է տալիս, թե ինչ կա ձեր ներսում: Չէ՞ որ մենք նեղանում ենք միայն նրանից, ինչն ինքներս ճիշտ ենք համարում: Եվ հակառակը: Մեզ հնարավոր չէ նեղացնել՝ ասելով մեզ մի բան, ինչը մենք ինքներս մեր մասին չենք մտածում: Հենց այդ պատճառով էլ մեզ նեղացնողներին մենք շնորհակալ պետք է լինենք, քանի որ նրանք ցույց են տվել մեր այն թույլ տեղը, որի վրա պետք է աշխատել:
- Սովորեք ուրիշների հաջողություններով ուրախանալ այնպես, ինչպես կուրախանայիք ձեր ձեռքբերումների համար:
Շատեր համար սա ֆանտաստիկ բան է թվում, ինչը զարմանալի չէ, քանի որ մեզ դաստիարակել են շարունակական մրցակցության զգացումով: Մենք մրցում էինք կամ մեր համադասարանցիների, կամ բարեկամների, կամ հարևանի երեխաների հետ: Արդյունքում՝ շատ մարդիկ շարունակ ապրում են նոր թշնամիների փնտրտուքով, և միայն դա է օգնում նրանց զարգանալ: Միայն նրանց շրջապատում, ում կարող են նախանձել կամ հաղթել, այդ մարդիկ կարողանում են իրենց մոտիվացնել շարժվել առաջ: Միայն թե այդ շարժումը նրանց համար ծայրահեղ ապակառուցողական շարժում է: Անընդհատ մրցակցության ոգին քայքայում է ներսից: Ավելի ճիշտ, դուք ինքներդ ձեր ներսի էներգիան տալիս եք այն մարդկանց, ում նախանձում եք կամ ում հետ մրցակցում եք:
- Հանգստացեք բնության գրկում:
Գոնե երբեմն: Սովորեցրեք ձեզ շփվել բույսերի ու կենդանիների հետ: Բնության գրկում շաբաթվա մեջ մի անգամ անցկացրած օրը ձեզ ավելի երջանիկ կդարձնի, քան 7 օր երջանկության մասին պատմող տեսաֆիլմերը: Բնության մեջ հանգիստն այլ որակի ու մակարդակի հանգիստ է, այն անփոխարինելի է:
- Մարզեք ձեր մարմինը:
Մենք հաճախ մարզում ենք մեր մարմինը՝ ընկղմվելով գրքերի աշխարհում և կլանելով անհավանական քանակի ինֆորմացիա, ու մոռանում մարմնամարզության մասին: Չէ՞ որ միտքն ու մարմինը մի ամբողջություն են: Միևնույն ժամանակ՝ մեր կյանքի տևողությունն ու որակը կապված է հենց մեր մարմնի մարզված ու դիմացկուն լինելու հետ: Երբ 60 տարեկան մարդու միտքը պարզ է, էմոցիաները՝ վառ, ինչպես երիտասարդի մոտ, բայց ոտքերը հազիվ են շարժվում, մեջքը չի ուղղվում, և օրգանիզմի շատ ֆունկցիաներ ատրոֆիայի են ենթարկված, իսկական դժբախտություն է: Մարզումներն էնդորֆիններ են, գեղեցիկ մարմին: Մի հետաձգեք: Մարզեք ձեր մարմինը:
- Անցյալը թողեք անցյալում:
Անցյալը կուտակած փորձն է, բայց ոչ մի դեպքում՝ այն, ինչով կարելի է և պետք է այսօր ապրել: Երջանիկ մարդիկ անցյալի մասին մտքերով չեն ապրում, այնտեղ չեն սպառում իրենց էմոցիաները: Նրանց զգացմունքներն ու կյանքը միշտ ներկայում են, իսկ մտքերը՝ ապագայում: Անցյալը նրանց համար սոսկ իրենց կյանքի մի մասն է, որի համար շնորհակալ են, և որը մնացել է հեռվում:
- Ձեր առջև փառահեղ պլաններ դրեք:
Մեր ենթագիտակցությունն այնպիսին է, որ ոգևորող ու փառահեղ նպատակներ մեր առջև դնելիս՝ այն հավաքում ու ակտիվացնում է բոլոր հնարավոր ռեսուրսներն այդ նպատակի գոնե մի մասն ի կատար ածելու համար: Կատարեք հետևյալ փորձը: Երբ մարզադահլիճում ձեզ հարկավոր է տվյալ վարժությունը կատարել 30 անգամ, ինքներդ ձեզ ասեք, որ այն պիտի կատարեք 100 անգամ, և կտեսնեք, թե այդ 30-ը որքան հեշտ կլինի կատարելը: Դա վերաբերում է ցանկացած այլ նպատակի ևս:
- Առաջին հերթին՝ լսեք ինքներդ ձեզ:
Իսկ հետո նոր՝ ուրիշներին: Բանն այն է, որ ոչ ոք ի վիճակի չէ մեզ ասել այն, ինչ մեր մեջ չկա: Ցանկացած իմաստուն, գրող կամ քարոզիչ մեր կողմից կլսվի միայն այն դեպքում, երբ նրա մտքերը համահունչ են մեր մտքերի հետ: Սովորեք վստահել ու լսել ձեր ներքին ձայնին, սկսեք ինքնուրույն որոշումներ կայացնել և դարձեք ինքներդ ձեր լավագույն խորհրդատուն: Դուք կարող եք լսել շատ մարդկանց, բայց ականջ դրեք առաջին հերթին՝ ինքներդ ձեզ:
- Միշտ ստեղծագործելու համար ժամանակ գտեք:
Արվեստը չմիացվողը միացնելու, խորքայինը տեսնելու կարողություն է: Միայն արարելու ու ստեղծելու մեջ է այս աշխարհում մարդու գոյության նպատակը: Երջանկություն է ստեղծել այն, ինչ մինչ քեզ ոչ ոք չի ստեղծել՝ ուսմունք, նկար, ճաշատեսակ, պատմություն, ցանկացած այլ բան: Արվեստի մեջ բացառիկ մի բան կա: Նրանում, ինչպես և մեր կյանքում, գործընթացն ու արդյունքն ունեն միևնույն կարևորությունը: Այդ պատճառով էլ արարեք, շարունակ ու ամեն ինչ:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը