Ամուսնությունից, ապա ամուսնալուծությունից հետո դերասանուհի Անատի Սաքանյանը նոր նախագծերում հանդես չի գալիս, սակայն Lif.panorama.am-ին դերասամուհին պատմեց, որ շատ շուտով կչեղարկի էկրանային դադարը:
«Իրականում շատ առաջարկներ ունեմ և շատ շուտով կրկին ակտիվ կլինեմ հեռուստանախագծերում: Հիմա նկարահանվում եմ «Ավազե դղյակը» հեռուստասերիալում, որը կցուցադրվի «Արմենիա պրեմիումի» եթերում: Մանրամասներ չեմ հայտնի, բայց կասեմ, որ շատ հետաքրքիր նախագիծ է, որտեղ չկա սպանություն, արյուն, կռիվներ: Այս սերիալը մարդկանց հաստատ ավելորդ հոգս չի պատճառի և նույնիսկ հակառակը: Այստեղ խաղում եմ Լուիզա Ղամբարյանի հետ, նա իմ մորաքրոջ կերպարում է: Բացի այս նախագծից, շուտով կնկարահանվեմ նաև նոր պրոյեկտում, ըստ որի կնկարահանենք սկետչներ ամերիկահայ հեռուստադիտողի համար: Մի խոսքով` այսուհետ շատ նախագծերում ներգավված կլինեմ»,- պատմեց նա:
Հարցին՝ ընդմիջումից հետո կրկին հաճելի աշխատանքային պրոցեսում հայտնվելը ի՞նչ զգացողություններ է տալիս Անատիին, պատասխանեց.
«Միանշանակ, անչափ կարոտել էի այս ամենին, բայց ոչ մի անսովոր վիճակ, ոչ մի անհարմարություն չեմ ունեցել: Ամեն ինչ շատ հարթ է անցնում: Ի դեպ` անգամ անծանոթ թիմում նկարահանվելիս ոչ մի անսովորություն չեմ զգացել: Հենց սկզբից տպավորություն էր, թե երկար ժամանակ աշխատել եմ նրանց հետ»:
Անատի Սաքանյանը շարունակում է նաև աշխատել որպես կոսմետոլոգ և դիմահարդար, սակայն դրան զուգահեռ նաև այլ աշխատանք է իրականացնում:
«Վերջերս անցել եմ պետական աշխատանքի, բայց չեմ ցանկանա այդ մասով մանրամասներ հայտնել: Հիմա բավականին բազմազբաղ եմ, բայց նպատակներին հասնելու համար ոչինչ դժվար չէ, պետք է ցանկություն և բարի մտքեր»,- նշեց նա:
Օրեր առաջ Անատին բավականին շքեղ նշեց իր տարեդարձը, որից հետո կարծիքներ տարածվեցին, թե Անատին ծննդյան օրը նման կերպ նշել է` ի հակառակ նախկին ամուսնու: Այս մասին խոսելիս` դերասանուհին նշեց.
«Նախ ասեմ, որ հիմա ոչ մի սոցիալական կայքում չկամ, բացառությամբ Instagram-ի, հետևաբար բացարձակապես տեղյակ չեմ, թե ինչ են գրում և չարախոսում իմ մասին: Ակեղծ ասաց, ոչ մեկին ոչինչ ապացուցելու բան չունեմ, իմ ծնունդը միշտ ինձ համար մեծ տոն է եղել, և այդ օրը իմ և հարազատներիս օրը ես իսկական հեքիաթի եմ վերածել: Փառք Աստծո, դա ինձ մոտ շատ լավ է ստացվում և այս տարի էլ բացառություն չէր: Այդ օրը ես այնքան ուրախ եմ եղել, այնքան շատ անակնկալներ եմ ստացել, անգամ կարող եմ ասել, որ այսքան տարվա ընթացքում առաջին անգամ եմ նման խելահեղ օր ունեցել»:
Անատին ինքն իրեն մաղթում է գլխավորը. «Ինքս ինձ միայն առողջություն եմ մաղթում: Եթե առողջ լինեմ, ապա իմ և ծնողներիս համար ամեն ինչ կստեղծեմ, մեծ բարձրունքների կհասնեմ: Ի վերջո, առողջությունից թանկ բան աշխարհում չկա, դա միակ բանն է, որ մեր ձեռքերում չէ»,- ավարտեց դերասանուհին: