Հնդկական պար` հայկական անկեղծությամբ. Աստղիկն ու Դավիթը փայլեցին «Ты супер! Танцы»–ում. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հնդկական պար` հայկական անկեղծությամբ. Աստղիկն ու Դավիթը փայլեցին «Ты супер! Танцы»–ում. armeniasputnik.am

«Ты супер! Танцы» միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլում ելույթ ունեցան Գյումրիից Մոսկվա մեկնած Աստղիկն ու Դավիթը և ելույթից հետո բեմից հեռացան հիացական բացականչությունների ու բուռն ծափահարությունների ներքո։

Նախագծի կիսաեզրափակիչ փուլ անցնելու համար նրանք հնդկական պար էին բեմադրել։ Աստղիկը ներկայացել էր հարուստ հնդկուհու, իսկ Դավիթն` աղքատ տղայի կերպարով։

Նրանց ելույթից հետո կարծիք հայտնեցին ժյուրիի հեղինակավոր անդամները։

«Հարցն այն չէ, թե ինչպես փոխանցեցիք կոլորիտը, այլ այն, որ մենք հավատացինք, թե մեր դիմաց հայեր չեն… Բոլորովին նոր գույներ տեսանք»,- ասաց ժյուրիի անդամ, թատերական բեմադրությունների պարուսույց և ռեժիսոր Եգոր Դրուժինինը։

«Աննկարագրելի շունչ կար»,- կարճ ու կոնկրետ ասաց թատրոնի և կինոյի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը և սեղմեց կանաչ կոճակը։

«Դուք իսկապես շատ աշխատասեր եք։ Երբ առաջին անգամ ելույթ ունեցաք, մտածեցինք` նրանց մեկ հնարավորություն էլ տանք, և դուք ցույց տվեցիք ժամանակակից խորեոգրաֆիա։ Ես նույնիսկ չգիտեմ, թե դեռ ինչեր կարելի է սպասել ձեզանից»,- հիացած ասաց բալետի պարուհի և Մեծ թատրոնի առաջատար մենապարուհի Քրիստինա Կրետովան։

«Դուք մեզ անչափ շատ դրական լիցքեր փոխանցեցիք, շնորհակալություն»,- ասաց պարուսույց Եվգենի Պապունաիշվիլին։

Նշենք, որ Աստղիկը դեռ դպրոց է հաճախում, քանի որ 7 տարեկանում է դպրոց ընդունվել, իսկ Դավիթը սկսել է դպրոց հաճախել վեց տարեկանից: Այս տարի նա ընդունվել է Գյումրու գեղարվեստական ակադեմիայի թատերական արվեստի բաժին: Մանկատուն է եկել առաջին դասարանում, իսկ Աստղիկը «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատանն է հայտնվել հինգ տարի առաջ:

«Ты супер! Танцы» միջազգային մրցույթը, որն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik գործակալությունն ու ռադիոն, միավորել է Ռուսաստանի, ԱՊՀ-ի ու Բալթյան երկրների տարբեր անկյուններում բնակվող տաղանդավոր երեխաներին և նրանց նվիրական երազանքներն իրականացնելու հնարավորություն է տվել։

«Ты супер! Танцы» միջազգային մրցույթի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 2-ին։ Նախագծին մասնակցում են ավելի քան 140 պատանի պարող 10 երկրից։

armeniasputnik.am