Տոնական օրերին Երևանում կսահմանվի շուրջօրյա օպերատիվ հերթապահություն
Advertisement 1000 x 90

Տոնական օրերին Երևանում կսահմանվի շուրջօրյա օպերատիվ հերթապահություն

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի վարչություններին, քաղաքապետարանի ենթակայության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է Ամանորի տոնական օրերին սահմանել շուրջօրյա օպերատիվ հերթապահություն:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, տոնական ոչ աշխատանքային օրերին բնակչության կողմից «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվող զանգերին հնարավորին արագ արձագանքելու նպատակով աշխատակազմի քարտուղարին հանձնարարվել է կազմել  հստակ ժամանակացույց` Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 և Բյուզանդի 1/3 վարչական շենքերում իրականացնելու շուրջօրյա հերթապահություն:

Նույն հանձնարարականը տրվել է նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին, ինչպես նաև կենսապահովման ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններին:

Կենսապահովման ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է սահմանել շուրջօրյա հերթապահություն` համագործակցելով «Վեոլիա Ջուր», «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչների հետ, տոնական օրերին վթարների մասին ահազանգերի դեպքում արագորեն արձագանքել և կարգավորել առաջացած խնդիրները:

Առողջապահական և «Շտապբուժօգնության» ծառայությունների պատասխանատուներին ևս քաղաքապետը հանձնարարել է օպերատիվ հերթապահություն իրականացնել և ուժեղացնել հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության բոլոր բուժհաստատություններում:

Հանձնարարվել է հերթապահություն սահմանել նաև կրթամշակութային և մարզական հաստատություններում՝ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:

Հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների ակտիվ տեղաշարժը` քաղաքապետի կողմից հանձնարարական է տրվել խստորեն վերահսկել հասարակական տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումն ու ապահովումը: