Խանութի յոգուրտները, որոնք շատ շաքար (կամ շաքարին փոխարինողներ, որոնք ավելի վատ են) և բուրավետիչներ են պարունակում, ոչ մի կերպ չես կարող երեխայի համար օգտակար սնունդ համարել, պնդում է Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման ազգային կենտրոնի իմունականխարգելման բաժնի մանկաբույժ Մարինե Կիրակոսյանը: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ լավ կլինի այդպիսի յոգուրտները և գազավորված ըմպելիքները երեխայի սննդակարգից բացառել:
Մասնագետը նշում է, որ շատերը յոգուրտը առողջարար և օգտակար են համարում, սակայն իրականում նրանցում շատ անպիտան քիմիական նյութեր, կոնսերվանտներ ու շաքար է պարունակվում:
«Այսօր մարդիկ սիրում են քննարկել պատվաստանյութի բաղադրությունը, իբր դրանցում կոնսերվանտներ և այլ «վնասակար» նյութեր կան: Բայց ոչ ոք չի մտածում, թե որքան կոնսերվանտներ և վտանգավոր նյութեր կան պտրաստի յոգուրտներում, որոնք նրանք գրթե ամեն օր գնում են իրենց երեխաների համար: Երեխան ողջ կյանքում պատվաստում ստանում է մի քանի անգամ, իսկ յոգուրտներ՝ համարյա ամեն օր: Այժմ մտածեք, թե նրա համար ո՞րն է ավելի վտանգավոր»,- հարցնում է մասնագետը: Մանկաբույժը խորհուրդ է տալիս յոգուրտի փոխարեն երեխաներին տեղական արտադրության մածուն տալ՝ կտրատված բանջարեղենով ու մուրաբայով:
Ինչ վերաբերում է քաղցրահամ գազավորված ըմպելիքներին, ապա դրանց մեջ ոչ մի օգտակար բան չկա, նշում է մասնագետը: Դրանք միայն վնասակար են, այդ պատճառով անհրաժեշտ է երեխայի սննդակարգից ի սպառ բացառել այն: Դրանց փոխարեն երեխան կարող է խմել թարմ քամված հյութ, կոմպոտ, որոնք պատրաստված կլինեն թարմ կամ չորացված մրգերից: Որպեսզի կոմպոտը պհպանի մրգի օգտակար հատկությունները, խորհուրդ չի տրվում այն երկար եռացնել: Կոմպոտը կարելի է եռացնել ու թողնել, որ այն թրմվի:
Երեխայի սննդակարգից բացառել նաև այլ քաղցրավենիքները, ինչպիսիք են թխվածքաբլիթները, շոկոլադը, մանկաբույժի խոսքով, սխալ է և նաև անհնար: Սակայն պետք է քաղցրը չափավոր ուտել: Երեխային քաղցրավենիք տալ հիմնական կերակրումների միջև սխալ է, քանի որ քաղցրավենիքը կփակի նրա ախորժակը և նա չի ստանա խորհուրդ տրվող չափաբաժնով բանջարեղեն, հատիկավորներ և միս