«Հրապարակը» գրում է. «Մոտ մեկ տարի առաջ այս օրերին լրատվամիջոցները, իրար հերթ չտալով, գրում էին երգիչ Արսեն Սաֆարյանի նոր բիզնեսի՝ «SAF» ակումբի բացման մասին։ Երգիչը հարցազրույցներ էր տալիս և «մեծ սիրով կիսվում իր նոր բիզնեսի դժվարություններով»։
Վերջերս էլ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ երգիչը «անկեղծացել էր»․ «Մոտ երեք տարի՝ ակումբի կառուցման շրջանից սկսած, ես մասնակցել եմ «SAF» ակումբի ստեղծմանը և բավականին ուժ ու եռանդ եմ դրել այնտեղ: Այնպես ստացվեց, որ ես այլևս կապ չունեմ ակումբի հետ։ Ես պահանջ չեմ ունեցել անունը փոխելու, բայց ինչպես լսել եմ, ակումբում պարզաբանում են, որ Փարիզում կա «SAF» անունով ակումբ, և այն իմ անվան հետ կապ չունի: Ինչևիցե, այդ ամենն ինձ արդեն հետաքրքիր էլ չէ»։
«SAF» ակումբից նախապես տեղեկացրին, որ հետաքրքիր մանրամասներ կպատմեն այս հարցի առնչությամբ, մինչդեռ երեկ տեղեկացանք, որ «փոշմանել են» և չեն ցանկանում որևէ մեկնաբանություն տալ՝ թերևս չուզենալով կոնֆլիկտը խորացնել։
Սակայն մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ակումբի անվանումը չի փոխվելու, իսկ թե ինչն է եղել պատճառը, որ Արսեն Սաֆարյանը «հեռացել է» ակումբից, մեր աղբյուրը նշեց, որ տնօրինության հետ երգիչը տարաձայնություններ է ունեցել, և դրանով է պայմանավորված նրա հեռանալը»։