Այսօր Երիտասարդության միջազգային օրն է։ Այն սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1999-ի դեկտեմբերի 17-ին՝ երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային համաժողովի առաջարկով, որը տեղի է ունեցել Լիսաբոնում 1998թ. օգոստոսի 8-12-ը։ Այս մասին հայտնում է Calend-ը։
Առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000թ. օգոստոսի 12-ին։
Երիտասարդությունը կազմում է համաշխարհային աշխատանքային ուժերի քառորդ մասը, սակայն նրան բաժին է ընկնում գործազուրկների կեսը:
Այսօր աշխարհում հաշվվում է մինչև 25 տարեկան մոտ 3 մլրդ բնակիչ։ Նրանց ավելի քան կես միլիարդն ապրում է աղքատության մեջ։ Ավելի քան 100 մլն երեխա դպրոց չի հաճախում։ Ամեն օր մոտ 30 հազար երեխա է մահանում աղքատությունից։ Ամեն օր 7000 երիտասարդներ են վարակվում ՁԻԱՀ-ով։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել սերունդների փոխկախվածությունը և համատեղ լուծել տարբեր տարիքի մարդկանց խնդիրները ՝ բարձրացնելով երիտասարդների իրազեկվածության մակարդակը առկա խնդիրների, ռիսկերի և դրանց լուծման միջոցների մասին։