Երևանում կայացած «Թոփ մոդել ԱՊՀ» միջազգային մրցույթում 20–ամյա Սրբուհի Ավանեսյանն արժանացավ երրորդ տեղին` ստանալով «2-րդ Թոփ մոդել ԱՊՀ» տիտղոսը։ Tert.am Life–ի հետ զրույցում Սրբուհին ասաց, որ ի սկզբանե ակնկալում էր, որ կարող է արժանանալ այս տեղին։
Խուճուճ մազերն իր զենքը համարող մոդելին այս թագը շատ է ուրախացրել։ «Շատ ուրախ եմ այս մրցանակի ու թագի համար։ Ես ի սկզբանե մեծ ակնկալիքներով էի մասնակցում մրցույթին։ Ուզում էի սովորել պրոֆեսիոնալ քայլվածք, պահվածք, այն, ինչ կապված է նորաձևության հետ։ Ես ուրախ եմ, որ այդ ամենը գնահատվեց»,– ասաց նա։
Սրբուհին մասնագիտությամբ ռեժիսոր է, բայց այժմ զբաղվում է մոդելինգով ու նպատակ ունի իրեն ներկայացնել պրոֆեսիոնալ բեմերում։ Նա առաջին անգամ էր Հայաստանը ներկայացնում միջազգային մրցույթում, իսկ, առհասարակ, գեղեցկության մրցույթի առաջին անգամ մասնակցել է ամիսներ առաջ։ Սրբուհին ներկայանում էր «Միսս Արմենիա» մրցույթում, որտեղ, սակայն, չընդգրկվեց լավագույն տասնյակում։
Հիմա նա ներկայացրեց Հայաստանն ու ստացավ 3–րդ տեղի մրցանակը։ Սրբուհուց հետաքրքրվեցինք` արդյոք սա իր պատասխանն էր «Միսս Արմենիայից» հետո. «Այո, սա պատասխան էր։ Ես բոլորին ապացուցեցի, որ կարող եմ։ «Միսս Արմենիայից» հետո հիասթափություն չէր եղել. պարտությունից ավելի եմ ոգևորվում, որպեսզի ապացուցեմ, որ ես կարող եմ, դուք սխալ էիք»։
Ի դեպ, մրցույթի հանդիսատեսի շարքերում էր նաև «Միսս Արմենիա» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը։ Նա սկսեց ծափահարել Սրբուհու բեմելի ժամանակ, վերջինս էլ բեմից ժպիտով պատասխանեց Լիլիին։
Ամբողջությամբ՝ life.tert.am