Ամանորի տոներն ու տոնական արձակուրդները հաջորդ տարվանից կտևեն ընդամենը մի քանի օր։ Կառավարության առաջիկա նիստում գործադիրը կքննարկի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության աշխատակազմի ներկայացրած նախագիծը։
Առաջարկվում է տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը։
Այսինքն` ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը և հունվարի 6-ը։
Հիշեցնենք, որ իր այս մտադրության մասին վարչապետ Կարապետյանը հայտարարել էր դեռ անցած Ամանորից առաջ` 2016թ-ի դեկտեմբերին, լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ։
Ի դեպ, հետաքրքրական է օրենքի փոփոխությունների վերաբերյալ կառավարության առաջարկի հիմնավորումը։
Կառավարության նիստի օրակարգում ներառված որոշման նախագծի այդ բաժնում բերված է տարբեր երկրներում տարվա ընթացքում ոչ աշխատանքային օրերի վիճակագրությունը։
Դրա համաձայն, ԱՄՆ-ում տարվա ընթացքում ոչ աշխատանքային ընդամենը 10 օր կա, Բրազիլիայում` 41, Լեհաստանում` 26-ի, Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լյուքսեմբուրգում և Շվեդիայում`25, Ավստրիայում` 38, Հնդկաստանում `40, Չինաստանում` 31, Թաիլանդում` 28, Ֆիլիպիններում` 25։
Հայաստանում ոչ աշխատանքային վճարվող օրերը` ազգային տոների հետ միասին 45-ն են։ Կառավարության կարծիքով` «ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած և առավելևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը»։
«Նախագծի ընդունումը միտված է պետության սոցիալական-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը»,- ասված է որոշման նախագծում։
Կառավարության հավանությանն արժանանալու դեպքում, օրենքը կուղարկվի ԱԺ։ Իսկ խորհրդարանի հավանությանն արժանանալուց հետո ուժի մեջ կմտնի 2018թ-ի հունիսի 1-ից, և հաջորդ Ամանորը կտևի ընդամենը 3 օր։