40-ից հետո սկսվում են կնոջ ամենալավ տարիները. Գիսանե Պալյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

40-ից հետո սկսվում են կնոջ ամենալավ տարիները. Գիսանե Պալյան. life.panorama.am

Այսօր երաժիշտ Գիսանե Պալյանը նշում է ծննդյան 44-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում Գիսանեն պատմեց, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս իր տոնը կնշի ընտանեկան մթնոլորտում:

«Ես սիրում եմ տարեդարձս, բայց դրան շատ մեծ նշանակություն չեմ տալիս: Այսօր ինձ համար աշխատանքային օր էր, ես սովորականի նման գնացել եմ աշխատանքի, իսկ երեկոյան օրս կնշեմ հարազատներիս, ընտանիքիս և ընկերներիս հետ: Հետաքրքիր մոտեցում ունեմ այս օրվա հետ կապված՝ սիրում եմ այն անցկացնել տանը՝ համեստ կերպով ու իմ սիրելի մարդկանց հետ»,- նշեց Գիսանեն ու հավելեց. «Ես սիրում  եմ իմ տարեդարձը, իմ օրն ու տարիքը: Չէ որ, անկախ տարիքից,  յուրաքանչյուր մարդու համար իր ծննդյան օրը սիրելի և սպասված է»:

Գիսանեն խոսեց նաև տարիքային առանձնահատկության և 40-ից հետո կնոջ յուրահատկության մասին: «Կարծում եմ՝ 40-ից հետո սկսվում է կնոջ ամենալավ տարիները. այս շրջանում նա դեռ երիտասարդ է, բայց արդեն խելացի»,- ընդգծեց նա:

Գիսանե Պալյանը նկատեց, որ այսօրվա հնչող բարեմաղթանքները թեև շատ նույնատիպ են, բայց նաև անչափ կարևոր. «Գուցե ստանդարտ է թվում, բայց իզուր չէ, որ մարդիկ անընդհատ նույն բարեմաղթանքներն են միմյանց ասում: Առողջություն, երջանկություն, նպատակների իրականացում՝ այս ամենն այսօր ինքս ինձ էլ եմ մաղթում, դրան զուգահեռ ինքս ինձ մաղթում եմ ավելի մեծ տոկունություն և ուժ, որպեսզի կարողանամ Աստծո տվածն ու իմ ստեղծածը ճիշտ կազմակերպել և իրացնել. խոսքը և կարիերայի, և ընտանիքի մասին է»,- նկատեց նա:

Գիսանեն ուրախությամբ նշեց, որ երջանիկ լինելու համար իրեն ոչինչ չի պակասում, նա միայն մի բանի կարիք ունի. «Երբեմն զգում եմ, որ ինձ ժամանակն է պակասում: Եթե, օրինակ օրը 25 ժամ ունենար, գուցե կարողանայի ավելի շատ բան անել: Այս խնդիրն ինձնից կախված չէ, այնպես որ ոչինչ անել չեմ կարող: Ուրախ եմ, որ այն ամենը, ինչի մասին երազել եմ, ես այսօր ունեմ. այդ ամենին ես հասել եմ Աստծո օգնությամբ և իմ աշխատասիրությամբ»,- նշեց նա:

Խոսելով աշխատանքային գործունեության մասին՝ Գիսանե Պալյանը ընդգծեց, որ շատ է աշխատում, որոնք գուցե միշտ չէ, որ հանրությունը տեսնում է: «Կան անկախ հանգամանքներ, որոնք պատճառ են հանդիսանում, որ քիչ երևանք հեռուստաէկրաններին, բայց դա բնավ չի նշանակում, որ չենք աշխատում: Այս շրջանում ժամանակիս մեծ մասը տրամադրում եմ իմ ստուդիայում դասավանդման և այլ աշխատանքներին: Ստեղծում եմ երգեր, որոնք չի տեսնում հայաստանյան հանդիսատեսը, բայց տեսնում են արտերկրում, քանի որ համագործակցում ենք օտարերկրյա կատարողների հետ: Հիմա Հայաստանում երաժշտական ոճը շատ է փոխվել, առաջ է եկել ռեստորանային երաժշտությունը, որում ես ինձ չեմ պատկերացնում, արդյունքում անում եմ այն, ինչը ես եմ սիրում և դա անում եմ այն մարդկանց հետ, ովքեր, ցավոք, այստեղ չեն ապրում և աշխատում: Ամեն դեպքում ուզում եմ նշել նաև, որ մեր «Էմփիրեյ» խմբով նոր երգեր ունենք, մեր խումբն այս տարի բավականին բուռն համերգներ է ունեցել ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում: Այսինքն՝ աշխատանք տարվում է ու տեսահոլովակ չթողարկելը դեռ չի նշանակում, որ չենք գործում»,- հավելեց նա:

life.panorama.am



Նման նյութեր