Հայաստանի ազգային հավաքականի և պորտուգալական «Մարիտիմուի» ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը, ով տևական դադարից հետո ապաքինվել է վնասվածքից և վերադարձել խաղադաշտ, շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում աջակցել են իրեն:
Հայ ֆուտբոլիստը, հիշեցնենք, վնասվածք էր ստացել 2017 թվականի մարտին՝ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպման մեկնարկում և ստիպված էր 8 ամիս բաց թողնել:
«Ոչ մի մարզիկի համար հաճելի չէ խոսել իր վնասվածքների մասին, հատկապես այսպիսի երկարատև վնասվածքի մասին. վերականգնման 8 ամիս: Եվ հիմա, երբ ամեն ինչ ավարտված է, կցանկանամ իմ խորին երախտագիտությունը հայտնել…
Բժիշկ Ստեֆան Հինտերուիմերին իդեալական վիրահատության համար, որ նա արեց: Նա օգնեց ինձ համբերություն ձեռք բերել` բացատրելով, որ իմ վիրահատությունը սովորական դեպք չէ, և որ ես պետք է ուժեղ և կազմակերպված լինեմ:
«Ռեհա» կլինիկային հիանալի թերապևտներ տրամադրելու համար, ովքեր մեկ ամիս աշխատեցին ինձ հետ:
«Մարիտիմուին», իմ մարզիչ Դանիել Ռամոսին իր շտաբի հետ` օգնության, քաջալերանքի և հավատի համար:
Ֆիզիկական թերապևտ Ֆերնանդո Տեյշերային և մարզական հոգեբան Գոնսալո Տրինադեդին իրենց համատեղ պրոֆեսիոնալ աշխատանքի համար, վերականգնման այս ծանր ռեժիմի ընթացքում իմ կողքին լինելու և ինձ հետ մարզասրահում մարզանքներ իրականացնելու համար:
Բոլոր իմ երկրպագուներին իրենց շարունակական աջակցության համար:
Եվ վերջապես, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որ կարողացավ ամեն ինչ կազմակերպել և ապահովեց բուժման գերազանց մակարդակ` ներկայումս գոյություն ունեցող լավագույն բժիշկների և թերապևտների հետ»,- գրել է Գևորգ Ղազարյանը «Ֆեյսբուքի» իր էջում:
armsport.am