Հայերն ուզում են Արաքսի հունը փոխել. Իրանը դեմ է. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայերն ուզում են Արաքսի հունը փոխել. Իրանը դեմ է. armeniasputnik.am

Իրանը Հայաստանին կապող միջպետական ավտոճանապարհի շինարարությունը կանգ է առել։ Իրանական կողմը համաձայն չէ հայկական կողմի` Արաքս գետի հունը փոխելու նախագծին։

Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու` Սյունիքի մարզի Արաքս գետի ափով անցնող հատվածի շինարարական աշխատանքներն անորոշ ժամանակով կասեցվում են։ Այսօր նման որոշում կայացրեց ՀՀ կառավարությունը` դադարեցնելով Ջրային տնտեսության պետական կոմիտեի կարիքների համար ստորագրված պայմանագիրը, որի շրջանակում նախատեսված են Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ վթարային հատվածի վերանորոգման աշխատանքները:

Այս հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանին, իսկ Հայաստանի կողմից ափամերձ տարածքը վերահսկում է ՌԴ-ի սահմանապահ զորամասը։ Հետևաբար շինաշխատանքները պետք է համաձայնեցվեն կողմերի միջև։ Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։

«Քանի որ իրանական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են և այս տարի չեն ավարտվելու, ստիպված պայմանագիրն ավարտում ենք, որ շինարարը տույժ-տուգանքների տակ չընկնի»,- ասաց նա:

Իսկ թե ինչու է իրանական կողմը դեմ Հայաստանի ճանապարհի կառուցմանը, Հարությունյանն այսպես պարզաբանեց. «Ափապաշտպան աշխատանքների արդյունքում գետի հունը փոխվում է, և իրանական կողմն ունի առարկություններ, քանի որ գետը թեքվում է դեպի մեր կողմ: Խոսքը 40 մետրի մասին է»։

Ի դեպ, կառավարության պաշտոնական կայքում հրապարակված նախագծում, որպես հիմնավորում, նշված է ոչ թե իրանական, այլ ռուսական կողմի անհամաձայնության մասին։ «Կոմիտեի կարիքների համար աշխատանքների կատարման անհնարինությունը պայմանավորված է ՌԴ-ի սահմանապահ զորամասի կողմից համաձայնություն չստանալու հետ»,- ասված է կառավարության կայքում տեղադրված նախագծում։

Լրագրողների հարցադրմանը Արսեն Հարությունյանը պատասխանեց, որ դա վրիպակ է, և ռուսական կողմն այս հարցում առարկություններ չունի։

«Ռուսական կողմի համաձայնությունն ընդհանրապես կապ չունի. որոշում ընդունողները հայկական և իրանական կողմերն են»,- ասաց նա:

Ի դեպ, եթե իրանական կողմը Արաքսի հունը փոխելու համաձայնություն չտա, Հայաստանի կառավարությունը ստիպված է լինելու անավարտ թողնել ճանապարհի շինարարությունն ու նոր լուծումներ փնտրել։

armeniasputnik.am



Նման նյութեր