Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Լոռու մարզի Սարալանջ գյուղի բնակիչ՝ 63-ամյա Նորիկ Ալեքսանյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորանում, իր վարած Кaмаз մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գրեթե ամբողջությամբ ավտոմեքենայով կախվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Ալեքսանյանը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սերյոժա Ղալթաղչյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Դիլիջանի ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Կարեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Սպիտակ Մեխ» Բաց Բաժնետիրական Ընկերության հաշվեկշռում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: