Գերմանաբնակ երգիչ Հայկ Կասպարովը որոշել է մասնակցել Հանրային հեռուստաընկերության կազմակերպած «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին, որի հաղթողը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» 2018-ում։
Հայկ Կասպարովի երգի հեղինակներն իսպանացի երգահաններ Ռաֆայել Արտեսերոն և Խոսե Խուան Սանտանան են, որոնց գրած երգերը տարբեր տարիներին տարբեր երկրների մասնակիցներ ներկայացրել են «Եվրատեսիլ» երգի մրցույթին:
Մեզ հետ զրույցում Հայկն ասաց, որ իր երգի հեղինակները երկար ժամանակ է՝ ինչ հետևում են իր գործունեությանը և հաճախ են ուղարկում երգեր՝ Եվրատեսիլի համար.
«Եղել են այլ հեղինակներ նույնպես, ուղղակի այն ժամանակ, երբ երգն ուղարկում էին, Հանրային հեռուստաընկերությունն էր ընտրում, թե որ երգիչն է հաղթահարելու նախընտրական փուլը: Ես նույնիսկ չգիտեի էլ, որ լինելու է «Դեպի Եվրատեսիլ» մրցույթը: Երգիս հեղինակներն ինձ տեղեկացրին, որ Հանրային հեռուստաընկերության կայքում գրված է, որ այս տարի լինելու է նախընտրական փուլ: Ինձ առաջարկեցին, որ լսեմ «Եվրատեսիլի» համար իրենց գրած երգը և հարմար գտան, որ հենց ես երգեմ այդ երգը, քանի որ ըստ նրանց՝ ես կարող եմ այն լավ ներկայացնել:
Սկզբում մի փոքր տարակուսում էի, մտածում էի՝ արդյո՞ք իմաստ ունի մասնակցել նախընտրական փուլին, թե ոչ, երկար մտածելուց հետո որոշեցի, որ այո, ինչու ոչ պետք է փորձեմ, և նրանց երազանքը, որ 7-րդ երգը պետք է մասնակցի Եվրատեսիլին, իրականցնեմ, և այդ 7-րդ հաջողակը հենց ես լինեմ»:
Հայկ Կասպարովի երգն իսպաներեն լեզվով է, կոչվում է «Enamorame». «Ճիշտն ասած` իսպաներեն լեզվին չտիրապետելու պատճառով մի քիչ տարակուսանք կար, բայց հեղինակներն ասացին, որ կարող են այդ հարցում ինձ օգնել:
Հեղինակներից մեկը եկավ Հոլանդիա, որտեղ կատարվել է ձայնագրությունը, նախ սովորեցրեց ինձ տեքստը, բացատրեց ինչի մասին է երգը, որպեսզի ես ճիշտ ընկալեմ: Նա շատ գոհ էր, թեպետ չգիտեմ՝ ինչ կասեն իսպանալեզու մարդիկ, երբ լսեն երգը:
Շատերի մոտ հարց կառաջանա՝ ինչու հենց իսպաներեն լեզվով: Հեղինակներն ասացին, որ տեքստը կարող են փոխել անգլերեն, ես միանշանակ ասացի՝ ոչ, քանի որ այսօր Եվրոպայում և ամբողջ աշխարհում շատ տարածված են իսպանալեզու երգերը: Հենց իսպանալեզու երգերն են այսօր հիթեր դառնում: Եվ քանի որ ես բնակվում եմ Եվրոպայում, ինձ համար պարզ է, թե ինչ են լսում և սիրում այստեղ:
Անգլերեն փոփ երգով, ինձ թվում է՝ ոչ ոքի չես կարող զարմացնել և գերել, քանի որ կան շատ մեգաաստղեր, որոնց երգացանկը անգլերենով է, և եթե մեկը պետք է երգի անգլերենով և, բանականաբար, ինչքան էլ տիրապետի անգլերենին, ունենա ակցենտ, դա իրենց ոչինչ չի ասի, այդիսկ պատճառով որոշեցի, որ ամենաճիշտը իսպաներենով երգելն է»:
Հետաքրքրվեցինք, թե իր համար որքանո՞վ է կարևոր Եվրատեսիլ մրցույթը, քանի որ շատերն ասում են, որ այն քաղաքականացված է, և այդքան էլ կարևոր չէ, թե ինչ երգով ես ներկայանում: «Այո, ասում են, որ Եվրատեսիլը քաղաքականացված է, բայց այնպես չէ, որ անիմաստ մի երգ կարող է հաղթել այդ մրցույթում: Վերջին տարիներին հաղթած բոլոր երգերի հետ ես համաձայն եմ: Ես հետևում եմ Եվրատեսիլին արդեն մոտ 10 տարի ու այսքան ժամանակ հաղթող երգերի հետ միանշանակ համաձայն եմ:
Երգը 3 րոպե է և շատ կարևոր է, որ այդ ընթացքում կարողանաս գերել հանդիսատեսին: Երգով չես կարող զարմացնել եվրոպացիներին, երգը պետք է պարզապես թեթև ու հիշվող լինի, պետք է բեմում լինիգեղեցիկ, տպավորիչ շոու: Չգիտեմ՝ նախընտրական փուլն անցնելուց հետո ինչ շոուով կներկայանամ, բայց կփորձեմ՝ մաքսիմալ լավ լինի»,-ի պատասխան՝ ասաց Հայկը:
Թե «Եվրատեսիլ» մրցույթն իրեն իրականում ինչ կտա, երգիչը դժվարացավ պատասխանել, քանի որ, ըստ նրա՝ միայն փոքր երկրներին այն կարող է ինչ-որ բան տալ, մեծ երկրների համար այն ուղղակի շոու է, որտեղ կարող է մասնակցել հաղորդավար, շոումեն: «Համենայնդեպս մեր՝ սփյուռքահայերիս և հայաստանցիների համար այն կարևոր է, և սպասելիքներն էլ են շատ մեծ: Արդեն 10-րդ տարին է՝ ինչ Հայաստանը մասնակցում է այդ մրցույթին, դեռևս հաղթանակ չունենք, և բոլորս սպասում ենք այդ հաղթանակին»:
Ռազմիկ Մարտիրոսյան