Շենգավիթի բաժնում նոյեմբերի 16-ին ահազանգ էր ստացվել, որ Նոր Խարբերդի 14-րդ փողոցի տներից մեկում գողություն է կատարվել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, օրեր անց ստացվել էր նույնաբովանդակ ևս մի ահազանգ` Նոր Խարբերդի 3-րդ փողոցի տներից մեկում կրկին գողություն էր կատարվել:
Երկու դեպքում էլ հիմնականում գողացել էին կենցաղային տեխնիկա, հեռուստացույցներ, նվագարկիչներ, բջջային հեռախոսներ, օդորակիչներ, ձայնարկիչներ և այլն:
Հարուցվել էր քրեական գործ գողության հատկանիշներով: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները գրեթե վստահ էին, որ գողությունները նույն մարդու կամ մարդկանց ձեռքի գործն են:
Հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները օրեր շարունակ որևէ արդյունք չէին տալիս, սակայն շուտով ստացվել էր կարևոր տեղեկություն, որ Նոր Խարբերդում բնակվող երկվորյակ եղբայրները վաճառում են էլեկտրական տեխնիկա:
Կասկածներ եղան, որ դրանք գողացված իրեր էին և ձեռնարկվեցին որոնողական աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Երկվորյակ եղբայրները գողություններ կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Շենգավիթի բաժին:
Պարզվել էր, որ գողությունները կատարել է 24-ամյա Ա. Մանուչարյանը: Բացի նշվածից, Մանուչարյանը պատմել էր Նոր Խարբերդում կատարված ևս մի քանի բնակարանային գողությունների մանրամասներ, որոնց մասին ոստիկանություն ահազանգեր չէին եղել:
Ա. Մանուչարյանը կալանավորվել է: Գողոնը առգրավված է, քննությունը շարունակվում է: