Կառավարության` դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում ներառված որոշման համաձայն` Շիրակի մարզի Արթիկ համայնքում գտնվող դպրոցներից մեկի շենքը 20 տարով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը պատկանող ընկերությանը: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ 96 543 000 ՀՀ դրամ գնաահատված արժեքով 7316.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով դպրոցի շենքը (երկու հարկ և նկուղ), 40.5 քառ.մետր մակերեսով ենթակայանը, 25 քառ.մետր մակերեսով օժանդակ շինությունը, 87.12 քառ.մետր մակերեսով (200.37 խ.մ) պարիսպը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.76 հա հողատարածքը անհատույց օգտագործման իրավունքով 20 տարի ժամկետով հանձնել «Չեխ-Արմ-Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
Նշենք, որ այս ընկերության 50 տոկոսի բաժնետերը Սամվել Ալեքսանյանի դուստրն է՝ Աստղիկ Ալեքսանյանը: Մյուս 50 տոկոս բաժնեմասը պատկանում է Չեխիայի Հանրապետությունում գրանցված «GALYA STYEL» ընկերությանը:
Ընկերությունը պարտավորվել է նաև երեք տարում կատարել 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, որը կուղղվի անշարժ գույքի վերանորոգման և արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերմանը, ինչպես նաև ստեղծել 500 աշխատատեղ: